Մատչելիության հղումներ

Եթե կարծում են՝ դատավորները կգայթակղվեն կաշառք որակված թոշակով, ուրեմն նրանց վատ են ճանաչում. Հրայր Թովմասյան


Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանն իրեն մեղադրանք առաջադրելուց հետո խախտեց լռությունը և արձագանքեց Սահմանադրական դատարանի անդամների վաղ կենսաթոշակի մասին օրենքին։ Այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ եթե կարծում են, թե դատավորները կգայթակղվեն կաշառքի պիտակավորում ստացած վաղ կենսաթոշակով, ուրեմն վատ են ճանաչում նրանց։

«Կարծում եմ՝ շատերը վատ են ճանաչում Սահմանադրական դատարանի դատավորներին, նրանք ուժեղ մարդիկ են, նրանք հայրենասեր մարդիկ են, նրանք նվիրյալներ են, և եթե խաղաղ ժամանակահատվածում դուք հերոսներ եք ման գալիս, ապա այդ հերոսները հիմա այս շենքում նստած աշխատում են։ Ես նրանց անուններն էլ չեմ վարանի ասելու՝ Ալվինա Գյուլումյանն է, Արևիկ Պետրոսյանն է, Հրանտ Նազարյանն է, Ֆելիքս Թոխյանն է, Արայիկ Թունյանն է, Արման Դիլանյանն է։ Եթե որևէ մեկը մտածում է, որ այս մարդիկ կարող են արդեն էսպես որակումը ստացած «կաշառք» անվանումը ստացած օրինական գայթակղվեն դրանով գնալ, ապա շատ վատ են ճանաչում, իմ ճանաչած Սահմանադրական դատարանի իմ թվարկած դատավորները որևէ մեկը դրան չի գնալու», - ասաց Թովմասյանը։

Վաղ կենսաթոշակի համակարգի մասին օրենքը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց երեկ, խորհրդարանն ընդունել էր երկու շաբաթ առաջ՝ միայն իշխող մեծամասնության քվեով։

Ըստ օրենքի, եթե ՍԴ յոթ անդամ, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը մինչև գարուն հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակեն ստանալ աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Օրենքը ինը դատավորից յոթին է վերաբերում, որոնք ընտրվել են մինչև 2015-ին ընդունված Սահմանադրությունը։ Իշխանությունը վաղ կենսաթոշակը համարում է Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումներից մեկը։

«Այդ մարդկանց համար ստանալ անաշխատ եկամուտ, իմ կարծիքով, դա իրենք չեն, իրենք չեն կարող նայել, թե որտեղ կա մի քանդված փողոց, քանդված դպրոց, բայց իրենք գնան, նստեն տունը և այդ աշխատավարձը ստանալ», - նշեց ՍԴ նախագահը։

Օրենքի հասցեատերերից Արևիկ Պետրոսյանն էլ այսօր հայտարարեց, թե չի պատրաստվում օգտվել այս առաջարկից։ Մինչև Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը Արևիկ Պետրոսյանն էլ էր լուռ։

«Ես իմ կենսագրությունը, կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ և հպարտ եմ իմ կենսագրության յուրաքանչյուր էջով։ Ես չեմ պատրաստվում օգտվելու այդ հնարավորությունից», - ասաց Պետրոսյանը։

Արևիկ Պետրոսյանը դժվարացավ ասել՝ իր գործընկերներից որևէ մեկը կօգտվի այս հնարավորությունից, թե ոչ. «Այդ հարցը կխնդրեմ տալ իմ գործընկերներին և լսել իրենց պատասխանը»։

ՍԴ մեկ այլ դատավոր Ալվինա Գյուլումյանը մինչ այս զարգացումներն էր «Ազատության» հետ զրույցում հայտարարել, թե առաջարկը բարոյական չի համարում և չի պատրաստվում անաշխատ եկամուտ ստանալ։ Դեռևս որևէ դատավոր հրապարակային չի հայտարարել, որ պատրաստվում է այս պայմաններով հրաժարական տալ։

«Վաղ կենսաթոշակը անպարկեշտ առաջարկ է», - լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Հանրապետական կուսակցության անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Ճանաչելով յոթին էլ՝ ես վստահ եմ, որ որևէ մեկը այս անպարկեշտ առաջարկությունը չի ընդունի, որովհետև նրանք շատ ավելի լուրջ և իրենց շատ ավելի բարձր գնահատող մարդիկ են, քան մարդը, որը կարող էր համաձայնվել այդ անպարկեշտ առաջարկությանը», - նշեց Հարությունյանը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ վաղ կենսաթոշակը կաշառք ու անպարկեշտ առաջարկ որակողները՝ փորձում են բարոյական ճնշում գործադրել այն դատավորների նկատմամբ, որոնք պատրաստ են սեղմել պետության մեկնած ձեռքը։

«Վաղ կենսաթոշակը բազմիցս ասել ենք, որ քաղաքակիրթ լուծման ձև է Սահմանադրական դատարանի ճգնաժամին, և մենք այդ ճանապարհը առաջարկել ենք, և հուսով եմ նման ճնշումների, այսինքն չեն ենթարկվի այն անձինք, ովքեր պոտենցիալ կարող են կամավոր վաղ կենսաթոշակի համար դիմել։ Դրա մասին խոսում են այնպիսի անձինք, որոնց իշխանության օրոք դատավորների նկատմամբ ինչ ապօրինություն ասես չի եղել, դատական իշխանության անկախության մասին խոսելն ավելորդ է ուղղակի», - ասաց Բադասյանը։

Օրենքը կամավորության սկզբունքով է և բացառապես դատավորների որոշումն է, այդ հնարավորությունից օգտվելով, հեռանալ բարձր դատարանից, թե շարունակել աշխատել։ Վենետիկի հանձնաժողովն էլ այս համակարգի վերաբերյալ առարկություն չի ներկայացրել՝ հաշվի առնելով կամավորության սկզբունքը։

Օրենքը ինը դատավորից չի վերաբերում միայն Վահե Գրիգորյանին և Արման Դիլանյանին, քանի որ նրանք ընտրվել են գործող Սահմանադրությամբ։

XS
SM
MD
LG