Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան հանրագրում մի գրչի լուսանկար է տեղադրել` գրելով, որ դա Հրայր Թովմասյանի գրիչն է:
«Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն»,- գրառումը սկսել է վարչապետը:
Հիշեցնենք, որ երեկ իր ասուլիսի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, թե Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն և մերժվել: Թովմասյանն իր հերթին «շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներ» էր այն որակել, Փաշինյանին հորդորել «գոնե մեկ արժանահավատ փաստ» հրապարակել:
Այսպես, իր գրառման մեջ Փաշինյանն ասում է, որ վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել է 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում. - «Իմ կողքին էր նստած: Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր: Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձևերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչև հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով:
Հետո՝ հանկարծ հիշեց և կարեւոր համարեց ընդգծել, որ Իջևանի փեսա է: Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի. թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց: Գրառումներս արեցի, ելույթ ունեցա, ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի և այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում: Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար», - ասված է Փաշինյանի գրառման մեջ:
Շարունակելով նա նշում է, որ դրան հաջորդել են իր մոտ ընդունելության գալու հայտերը, չի ընդունել:
«Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը: Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետև հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել:
Հետո հանդիպեցինք 2019թ. սուրբծննդյան պատարագին: Սկսեց Աննային քծնել, թե բա շնորհակալ եմ, որ դստերս կրթաթոշակ եք տվել: Որ տեսա շողոքորթության չափն անցնում է, ասացի՝ չեն իմացել` ով է: Չնայած՝ պարզվեց, իրոք չեն իմացել (ասեմ նաև, որ իմանալ-չիմանալը որոշման համար նշանակություն չէր ունենալու. դա հստակ չափանիշների խնդիր է):
Հետո մի քանի անգամ այն մարդը, ում էս վերջերս հղում էր արել, եկել ինձ զեկուցել է, թե բա Հրայրն ասում է՝ ես եմ գրել էս Սահմանադրությունը, ինչու իմ հնարավորությունները վարչապետը չի օգտագործում:
Ի պատասխան իրեն առաջարկել եմ գնալ մի հեռու-հեռու տեղ», - իր գրառումը եզրափակել է նա:
Այս գրառումից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը խնդրել է իր փաստաբաններին պատրաստել հայցադիմում ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Հայտնել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը:
Ի դեպ, Փաշինյանի տեղադրած լուսանկարում երևում է գրիչն արտադրող ընկերության անունը և համացանցում որոնելիս պարզ դարձավ, որ այն արժի 530 եվրո:
Եվ քիչ առաջ էլ վարչապետն անդրադարձավ իր առաջին գրառմանը` նշելով. - «Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջևանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։
Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարևոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։ Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն հրապարակային դրսևորվում են։ Բայց ինչպես ասել եմ, բոլոր դավադրությունների ողնաշարը ջարդված է։ Դուխով, ժողովուրդ ջան։ Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով։ Մնացած հարցերը հընթացս եւ ձեռքի հետ կլուծենք»։