Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանի ներկայությունը ՍԴ-ի լեգիտիմությունը մշտապես դարձնելու է խոցելի. ՀԱԿ ներկայացուցիչ


Սահմանադրական դատարանի անդամները, արխիվ
Սահմանադրական դատարանի անդամները, արխիվ

Սահմանադրական դատարանի (ՍԴ) ճգնաժամի հանգուցալուծման իշխանության նոր առաջարկը բարձր դատարանի լեգիտիմության հարցը չի լուծում, ասում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։ Առաջարկվող տարբերակով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և երեք անդամի լիազորությունները չեն դադարում։

«Այնուամենայնիվ, սա կիսաքայլ է, և եթե, օրինակ, ըստ էության կամ տեսականորեն դիտարկենք, որ Հրայր Թովմասյանը կարող է ևս 10 տարի պաշտոնավարել այդ դատարանում, ես կարծում եմ, որ այդ փաստն այդ դատարանի լեգիտիմության վրա ազդելու է», - ասաց Խաչատրյանը:

Համաճարակի հետևանքով իշխանությունը հանրաքվեն չեղարկում է և Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումը տեղափոխում խորհրդարան։ Նախագիծ դեռ չկա, սակայն փակագծեր բացել են, հանրաքվեի համար ընդունած տարբերակը չէ։ Եթե առաջին դեպքում առաջարկում էին նախկին Սահմանադրություններով ընտրված յոթ անդամի, այդ թվում՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնել և նոր կազմով լեգիտիմ ու վստահելի դատարան ձևավորել, ապա այս նոր տարբերակով առաջարկում են դադարեցնել միայն այն դատավորների լիազորությունները, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամներ Արևիկ Պետրոսյանի, Արայիկ Թունյանի և Աշոտ Խաչատրյանի ժամկետը չի լրացել։ Հրայր Թովմասյանը նախագահի պաշտոնից կազատվի, քանի որ նոր կազմից կընտրեն նոր նախագահ, բայց որպես դատավոր կարող է պաշտոնավարել։

«Մենք չենք կարող Սահմանադրական դատարան ունենալ, որի բոլոր որոշումների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվել: 10 տարի է, պատկերացնենք, որ ևս 10 տարի Հրայր Թովմասյանը մնալու է այդ դատարանում, որովհետև 2 տարի է պաշտոնավարել, ենթադրենք, այլ բան չի լինում, այս կարգավորմամբ շարունակում է, ապա Հրայր Թովմասյանի ներկայությունը Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը դարձնելու է մշտապես խոցելի», - նշեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Առաջարկվող տարբերակով Հրայր Թովմասյանի դատավորի կարգավիճակում կարող է պաշտոնավարել տասը տարի, Արևիկ Պետրոսյանն ու Աշոտ Խաչատրյանը՝ երկու, Արայիկ Թունյանը՝ վեց։

Վարչապետ Փաշինյանի և իշխանական պատգամավորների կոշտ քննադատությանն ու մեղադրանքներին արժանացած դատավորների, մասնավորապես Հրայր Թովմասյանի հետ համատեղ աշխատելուն իշխանությունը դեմ չէ՞, հարցրինք ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

«Եթե մենք խոսում ենք ինստիտուցիոնալ խնդրի մասին, ապա ինձ համար այնտեղ կան 9 դատավորներ, որոնք ընտրվել են տարբեր ռեժիմներով, և որոշները պաշտոնավարել են շատ ավելի շատ, քան նախատեսված է Սահմանադրությամբ, որոշները պաշտոնավարում են շատ ավելի քիչ, քան նախատեսված է Սահմանադրությամբ: Այս իրավիճակը պետք է շտկել, պետք է շտկել ինստիտուցիոնալ եղանակով: Երբեք, որևիցե պարագայում երկրի զարգացման տեսանկյունից մենք չենք գնացել, չենք էլ գալու անձնական հաշվեհարդար տեսնելու սկզբունքով: Խնդիրը մշտապես ընդգծել ենք, որ ինստիտուցիոնալ է, և լուծումները ևս պետք է լինեն ինստիտուցիոնալ», - պատասխանեց Վարդանյանը:

Ինչո՞ւ հանրաքվեի դրվող նախագիծը, որով որոշվելու էր ամբողջ դատարանի ճակատագիրը, նույն բովանդակությամբ չի դրվում Ազգային ժողովի քվեարկության, խորհրդարանի դեպքում խոցելի՞ լուծում է։ Վլադիմիր Վարդանյանը հարցին պատասխանում է՝ հիշեցնելով ժողովրդի ու պատգամավորի քվեի տարբերությունը։

«Ընթացակարգային հատվածով, այո, Ազգային ժողովին վերապահված է որոշակի լիազորություններ՝ այդ հոդվածը փոփոխելու: Այս տեսանկյունից, էլի եմ ասում, եթե խոսքը գնում է բովանդակային, ռադիկալ քայլերի մասին, որն էական փոփոխություններ է մտցնում դատական իշխանության համակարգի մեջ, ապա, այո, այդ հարցին պետք է պատասխանի Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Եթե խոսքը վերաբերում է տեխինկական լուծումներին, ժամկետային լուծումներին, ապա այս հարցի պատասխանը կարող է տալ նաև Ազգային ժողովը: Հիմա եթե ինձանից ուզում եք ստանալ պատասխան, որ, «ոչ, դուք այն ժամանակ գնացել եք այս լուծման, հիմա շեղվում եք, գնում եք փոխզիջման, ավելի մեղմ զիջման», ես պետք է ասեմ, որ, ոչ, ես համաձայն չեմ: Առաջին՝ ըստ էության երկու լուծումներն էլ ուղղված էին և հիմա էլ ուղղված են արդյունավետ սահմանադրական արդարության համակարգ ունենալուն», - արձագանքեց Վարդանյանը:

«Անառարկելի փաստ է, Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել կեղծիքներով», - այս կարծիքին միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէ։ Իշխող մեծամասնության պատգամավորներից շատերը այս բովանդակությամբ ելույթներով Ազգային ժողովում ընդունեցին հանրաքվեով ՍԴ յոթ անդամի լիազորությունները դադարեցնելու նախագիծը։ Եթե Հրայր Թովմասյանն, այնուամենայնիվ, դատավորի պաշտոնում շարունակի աշխատել, լեգիտիմության խնդիր չի՞ ծագելու։ Այս հարցին իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ուղիղ չպատասխանեց։

«Հրայր Թովմասյանը կդադարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ, բացի այս պետք է ևս մեկ հանգամանք հաշվի առնել՝ բնականաբար, այս հնարավոր լուծումը թեև ոչ նույն ծավալով, բայց կհանգուցալուծի ճգնաժամը», - նշեց Ռուբինյանը:

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները իշխանությունների նոր լուծման վերաբերյալ խուսափում են կարծիք հայտնել։ Փաստաթուղթ չկա, հայտնի չէ՝ իշխանությունն ինչ իրավական ուղիով է գնալու, ասում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ ԲՀԿ-ից Շաքե Իսայանն էլ նույն հիմնավորմամբ հրաժարվեց կարծիք հայտնել:

Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծման իշխանության նոր լուծումը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի հունիսի 20-ից հետո՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո։

XS
SM
MD
LG