Հայ-թուրքական վերջին պայմանավորվածությունից օրեր անց՝ այսօր կառավարության նիստում վարչապետը հանձնարարեց հայաստանյան գերատեսչություներին կոորդինացված աշխատել Թուրքիայի պետական կառույցների հետ, որպեսզի ձեռք բերված համաձայնությունը հնարավորինս շուտ կյանքի կոչվի։
Անցած շաբաթ Վիեննայում Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների՝ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումից հետո՝ Երևանն ու Անկարան հայտարարեցին, թե պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար, մեկնարկել ուղիղ օդային բեռնափոխադրումները և սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Թուրքիան որոշել են բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար«Հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը: Եվ իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները», - ընդգծեց վարչապետը:
Թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու և ի՞նչ ժամկետների մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը չհստակեցրեց։ Տրանսպորտային հարցերով զբաղվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Այնտեղից խոստացան մանրամասներ ներկայացնել մի քանի օրից։
Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները Թուրքիան միակողմանիորեն փակել է 1993-ին: Оդային սահմանը վերաբացվեց 1995 թվականին, և չնայած փակ ցամաքային սահմանին, Թուրքիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, անցած տարի երկկողմ առևտուրը կազմել է 73,5 միլիոն դոլար։
Կառավարությունում կարծում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների վերաբացումը լուրջ դրական ազդեցությունը կթողնի Հայաստանի տնտեսության վրա, թեև էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր խուսափեց թվեր հնչեցնել։
«Պատկերավոր ասած՝ պետք է համեմատենք փակուղին խաչմերուկի հետ, ասենք, որտե՞ղ անշարժ գույքը կամ ինչ-որ բան ավելի թանկ արժե՝ խաչմերուկի վրա՞, թե՞ փակուղու վերջում: Հիմա մենք, ըստ էության, Հայաստանը փակուղուց դարձնում ենք խաչմերուկ, և, բնականաբար, սրա արդյունքում կունենանք շատ մեծ տնտեսական էֆեկտներ տարբեր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ տրանզիտային, բոլոր», - ընդգծեց Քերոբյանը:
Հայաստանը կարող է երկաթուղային տարանցման ավելի կարճ տարբերակ առաջարկել Թուրքիային ու Ադրբեջանին, քան Վրաստանը
Գրեթե 50 տարի երկաթուղում աշխատած, այսօր Երկաթուղու վետերանների միության ղեկավար Լևոն Հակոբյանի խոսքով, և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը տեխնիկապես կարճ ժամանակի հարց է, քանի որ հայաստանյան հատվածում՝ Գյումրիից մինչև Թուրքիայի սահման, կամ Երասխից մինչև Ադրբեջանի սահման վերականգնողական մեծ աշխատանքների կարիք չկա։
«Որպես մասնագետ կարող եմ ասել՝ կարճ ժամանակ, մի տարի չի տևի, ավելի շատ երեք ամիս, վեց ամիս, այդպես կարող եմ ասել: Կախված է ֆինանսավորումից և կախված է, թե ինչ ձևով: Բայց այսօրվա դրությամբ գիծը գոյություն ունի, կա, բայց պիտի վերանորոգվի, որովհետև այդքան տարի փայտակոճղերը լրիվ, ամբողջովին վատ վիճակում են գտնվում ու այսօր չենք կարող դա շահագործենք, մինչև մենք չպատրաստվենք դրան», - ընդգծեց Երկաթուղու վետերանների միության ղեկավարը:
Ըստ Հակոբյանի, եթե Վանաձորը երկաթգծով կապվի Ֆիոլետովոյին` մոտ 20 կիլոմետրանոց մի հատված, ուր ընթանում է Երևանից Իջևան գնացող երկաթուղին, իսկ այնտեղից բացվի դեպի Ղազախ գնացողը, ապա Թուրքիայի համար Կարս-Գյումրի-Վանաձոր-Իջևան-Ղազախ երկաթգիծը ավելի կարճ կլինի, քան Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Աղստաֆան։ Փորձառու երկաթուղայինը կարծում է՝ այսպես Երևանը կկարողանա տարանցման շահավետ տարբերակ առաջարկել Անկարային ու Բաքվին։