Բրյուսելը ջանքեր է գործադրում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման ու տրանսպորտային ուղիների բացման ուղղությամբ, Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո Թվիթերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Շառլ Միշելը նաև տեղեկացրել է, որ Իլհամ Ալիևի հետ քննարկել է բրյուսելյան վերջին հանդիպման օրակարգային հարցերը, ընդգծել՝ Եվրոպական խորհրդի համար Հարավային Կովկասում խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովման կարևորությունը:
Ադրբեջանական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, Իլհամ Ալիևն իր հերթին, հիշելով Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված եռակողմ հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, հույս է հայտնել, որ Շառլ Միշելի նշած օրակարգային բոլոր հարցերի լուծման ուղղությամբ իրական արդյունքներ կլինեն: Ադրբեջանի ղեկավարը խոսել է նաև 44-օրյա պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների խնդրի, ինչպես նաև ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած համարվող ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանման կարևորության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում և Ադրբեջանում ստեղծվում են երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներՄայիսին Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած բանակցություններից հետո Հայաստանն ու Ադրբեջանը հրապարակեցին սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը, այնուհետև հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետերը հանդիպեցին հայ-ադրբեջանական սահմանին։ Բրյուսելյան հանդիպմանը առաջնորդներրը նաև ընդհանուր հայտարարի էին եկել տարածաշրջանի ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները բացելու վերաբերյալ:
Ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խումբը վերջերս կես տարվա դադարից հետո արդեն երկու հանդիպում է անցկացրել։
Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև հայտնել էր, որ Փաշինյանն ու Ալիևը խոստացել են պահպանել սերտ շփումներն ու նույն` եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում էլ անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: Այդ հանդիպման ստույգ ամսաթվի մասին դեռ չի հաղորդվել:
Տարածաշրջանային կայունության և համագործակցության հեռանկարների մասին այսօր խոսել է նաև Թուրքիայի արտգործնախարարը: Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգին:
«Ուզում ենք, որ շուտափույթ ստորագրվի Ադրբեջանի՝ Հայաստանին առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիր, քանի որ տարածաշրջանում կայուն խաղաղության կարիք կա: Ադրբեջանի ու Հայաստանի միջև պայմանավորվածության հիման վրա պետք է գործարկվի Զանգեզուրի միջանցքը, ինչպես նաև կյանքի կոչվեն ենթակառուցվածքային նախագծերը: Այդ միջանցքը ավելի մեծ, ռազմավարական կարևորություն է ստացել ուկրաինական պատերազմից հետո և պետք է իրականացնել այդ ծրագրերը», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը:
Տարածաշրջանային խնդիրները քննարկվել են նաև այսօր Թեհրանում Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում: Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ Հուսեյն Ամիր-Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանի պատրաստակամ է օժանդակելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման մնացյալ հարցերին՝ երկրների տարածքային ամբողջականության սկզբունքներին համապատասխան։
Բայրամովն էլ ասել է, որ Բաքուն պատրաստ է վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի հետ: Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ Իրանի տարածքով Ադրբեջանը և Նախիջևանը իրար կապող նոր տրանսպորտային հաղորդակցության ստեղծման համար նախատեսված չորս կամուրջներից առաջինի կառուցումը շուտով կմեկնարկի: Բայրամովը նաև հայտարարել է, որ հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք մեծ հարևանների համագործակցության «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում Իրանում: