Երևանն ու Բաքուն քննարկել և արդեն համաձայնեցրել են՝ ինչ կառուցվածք է ունենալու սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների արտգործնախարարների այսօրվա հեռախոսազրույցում, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Բացի այդ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը պայմանավորվել են հանդիպել, թե երբ է կայանալու այդ հանդիպումը, պաշտոնապես դեռ չի հաղորդվում, չի հստակեցվում նաև, թե հանձնաժողովն ինչ կառուցվածք է ունենալու:
Դեռ երեկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հանձնաժողովի ստեղծման և կազմի մասին տեղեկություններ չունի: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հայ-ադրբեջանական հարաբերությունների գծով Մոսկվայի հատուկ բանագնաց, Մինսկի խմբի նախկին համանախագահ Իգոր Խովաևի հետ հանդիպմանն ասել է, որ Բաքուն արդեն իսկ նշանակել է խաղաղ պայմանագրի բանակցություններում Ադրբեջանը ներկայացնող պատվիրակության անդամներին, ինչպես նաև հստակեցրել է դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի ադրբեջանական կազմը։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները սկսել են արագ աշխատել նաև այն պատճառով, որ այս հարցում Արևմուտքի և Ռուսաստանի տեսակետները համընկնում են:
«Այսինքն՝ բանակցությունների մեկնարկ խաղաղության պայմանագրի շուրջ և դելիմիտացիայի, դեմարկացիայի շուրջ քննարկումների մեկնարկ, թե՛ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, և թե՛ Ռուսաստանը ունեն նույն դիրքորոշումը, ինչը ինձ թվում է պայմանավորել է այն հանգամանքը, որ կողմերը բավականաչափ սկսել են իրականացնել այդ պայմանավորվածությունները: Եվ կարծես թե մինչև ապրիլի վերջ կամ մայիսի սկզբին երևի պաշտոնապես արդեն կհայտարարվի հանձնաժողովների անհատական կազմը, գուցե նաև կհայտարարվի դելիմիտացիայի, դեմարկացիայի հանձնաժողովի հանդիպման վայրը», - ընդգծեց քաղաքագետը:
Կառավարությունից այսօր ճշտել չհաջողվեց, թե հանձնաժողովի ձևավորման որ փուլում է Հայաստանը։
Ամսվա սկզբին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին, որ հանձնաժողովը կստեղծվի մինչև այս ամսվա վերջ։
Բրյուսելյան հանդիպմանը հաջորդած մոսկովյան՝ Փաշինյան - Պուտին բանակցություններից հետո ընդունված հայտարարության համաձայն էլ կողմերը պայմանավորվել էին արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ «կողմերի հարցումով Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ»։
Այսօր արդեն «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Դենիս Գոնչարը հայտարարել է, որ Մոսկվան օգնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, հետևաբար Հայաստանն ու Ադրբեջանը դիմել են Ռուսաստանին այդ խնդրանքով։
Ըստ քաղաքագետի՝ այս գործընթացում առավել շահագրգռված կողմը հենց Ադրբեջանն է։
«Հանձնաժողովը սկսում և դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացի ավարտ, դրանք լրիվ տարբեր բաներ են ու բոլորովին պարտադիր չէ, որ այդ երկու երևույթների միջև ժամանակային տարբերությունը լինի ամիսներ: Հասկանալի է, որ Ադրբեջանը ցանկանում է, որ դա լինի բավականաչափ արագ: Ադրբեջանը ցանկանում է նաև, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի բավականաչափ արագ, որտեղ կֆիքսվի, որ Լեռնային Ղարաբաղը լինելու է Ադրբեջանի կազմում և առավելագույնը կարող է ակնկալել ինչ-որ ինքնավար կարգավիճակ:
Պարզ է ՝ Ադրբեջանը դրանում շահագրգռված է, որովհետև Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ այդ համաձայնագրի ստորագրումը շատ ուժեղ ազդակ կհղի Արցախում ապրող մեր հայրենակիցներին, որ Արցախից հեռանալու ժամանակը եկել է և սարսափելի արագ տեմպերով կհանգեցնի Արցախի հայաթափմանը: Ինչ վերաբերում է մեր արևմտյան գործընկերներին՝ Եվրամիություն և Միացյալ Նահանգներ, ապա նրանք ցանկանում են հնարավորինս արագ հասել խաղաղ համաձայնագրի ստորագրմանը, որպեսզի օգտագործելով այդ համաձայնագիրը հարց բարձրացնեն Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ: Եթե ոչ անմիջապես, ապա առնվազն 2025 թվականի նոյեմբերից հետո», - նշեց Պողոսյանը:
Երկու շաբաթ առաջ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հեռախոսազրույցը կայացել էր ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, այս մասին արտգործնախարար Միրզոյանն էր ասել խորհրդարանում։ Արտգործնախարարները ղարաբաղյան պատերազմից հետո երեք հանդիպում են ունեցել, այս տարի նրանք դեռ չեն հանդիպել։