Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ՝ արդեն չորրորդ հանդիպումը տեղի կունենա այս շաբաթավերջին՝ հուլիսի 1-ին՝ Վիեննայում, այսօր հայտարարեցին երկու երկրների արտգործնախարարությունները։ Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունը չի հայտնում։
Հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի նախորդ երկու հանդիպումները նույնպես կայացել էին Ավստրիայի մայրաքաղաքում, իսկ առաջին անգամ նրանք հանդիպել էին Մոսկվայում: Մինչ օրս՝ բոլոր հանդիպումներից հետո կողմերը վերահաստատել են գործընթացը առանց նախապայմանների շարունակելու պատրաստակամությունը՝ հայտարարելով, որ բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է:
Այդուամենայնիվ, Հայաստանի վարչապետը երեկ փաստեց, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապված է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։
«Հիմա փորձում ենք փոքր քայլերով գնալ առաջ: Սա էլ է այն պարագան, երբ որ նախապես եթե նույնիսկ ինչ-որ աղոտ նախանշաններ կան, որ էլի փոքր քայլերով կգնանք առաջ, նախապես հայտարարություններ անելը ճիշտ չէ, որովհետև մենք նախորդ փորձից գիտենք, որ երբ որ նույնիսկ ստորագրված փաստաթուղթ է եղել, դա ոչ մի բանի չի հանգեցրել», - նշել է վարչապետը:
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով, Թուրքիայի համար այս գործընթացը ավելի շատ ձևական է, միևնույն ժամանակ Անկարան դեմ չէ կարգավորմանը:
«Ըստ էության կա մի իրավիճակ, որում Թուրքիան ավելի շատ հետաքրքրված է այս գործընթացի ձևով, քան բովանդակությամբ: Ինչո՞ւ, որովհետև Թուրքիայի վրա կա հայտնի չափով ճնշում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի վերաբերյալ: Այդ ճնշումը առկա է Միացյալ Նահանգներից, ու Թուրքիային պետք է գործընթաց, Թուրքիային պետք է որոշակի պատասխան իր արևմտյան գործընկերներին, որ իր քայլը գործընթացի մեջ է գտնվում: Իրականում Թուրքիան նաև դեմ չի գնալ կարգավորման, Թուրքիան խնդիր չի տեսնում, ըստ իս, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործում, միայն թե Թուրքիան ուզում է կարգավորում, առանց հավելյալ գլխացավանքների ստեղծման: Այդ հավելյալ գլխացավանքը մեր դեպքում կոնկրետ Ադրբեջանն է», - ասաց քաղաքագետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբինյանն ու Քըլըչը վերահաստատել են «երկու երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը»Թեև Թուրքիան որևէ կապ չունի նոյեմբերի 9-ի հայտարարության հետ, սակայն, Անկարան բազմիցս է ամենաբարձր մակարդակով խոսել դրա իրագործման պահանջների ու պայմանների մասին։ Երեկ Թուրքիայի արտգործնախարարը կրկին կոչ էր արել հնարավորինս շուտ բացել Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը կապող «Զանգեզուրի միջանցքը»՝ հայտարարելով, որ Անկարան աջակցում է այդ ճանապարհի բացմանը:
«Օրինակ՝ Թուրքիայից անընդհատ հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումները շատ ուղիղ և՛ խոչընդոտում են պրոցեսներին, և՛ դրանք նեգատիվ ֆոն են ստեղծում, ու նաև հայտարարություններ են հնչեցվում, որոնք այնքան էլ օգտակար չեն պրոցեսի համար», - նշել է Փաշինյանը:
Արեգ Քոչինյանը նույնպես կապ է տեսնում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման միջև: Քաղաքագետի կարծիքով, այս գործընթացները փաթեթային բնույթ ունեն:
«Թուրքիան պատրաստ կլինի այն պահին Հայաստանի հետ գնալ բավականին արագ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որ պահին մենք կունենանք նույնանման կամ նույնաբովանդակ գործընթաց Ադրբեջանի հետ: Այսինքն՝ պայմանական ասած, Թուրքիան պաուզա է սեղմել հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ու սպասում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ըստ էության, Թուրքիայի դիրքորոշումը հետևյալն է՝ ինչքան առաջ կգնա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, դրան կցված կլինի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Սա, ըստ էության, փաթեթ է, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները գնում են փաթեթով կամ չեն գնում փաթեթով», - ասաց Քոչինյանը:
Հայ-թուրքական կարգավորման գործընթացը առարկայական փուլ մտավ անցած տարեվերջին, երբ կողմերը բանակցություններ սկսելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին: Չնայած Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե եկել է ժամանակը շփումները երկու մայրաքաղաքներ տեղափոխելու, մինչ օրս այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրներում:
Ավելի քան կես տարի ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը առայժմ երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն է, որը դադարել էր 2019-ի վերջին: