Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն ընդունել է Հայոց պատրիարքին և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակին


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր Անկարայում ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Երկրորդ Մաշալյանին և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին։

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից՝ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները կնորմալանան՝ ընդգծելով, որ հոգևորականները քաղաքական գործիչներից ավելի մեծ ազդեցություն են ունենում հանրային կարծիքի վրա երկու ժողովուրդների բարեկեցության համար տարվող աշխատանքներում, փոխանցում է Պոլսո Հայոց պատրիարքարանը։

Չավուշօղլուն հետաքրքրվել է համայնքային ընտրություններով։ Մաշալյանը մասնավորապես ասել է, որ կանոնադրությունը հասել է վերջին փուլին և հույս հայտնել, որ մոտ ժամանակներս կհրապարակվի։

Սահակ Պատրիարքը և Խաժակ արքեպիսկոպոսը տեղեկացրել են, որ սուրբ Ներսես Շնորհալու վախճանի 850-րդ տարելիցին նվիրված ձեռնարկների շարքում ցանկանում են մասնավորապես ուխտագնացություն կազմակերպել դեպի Հռոմկլա և մերձակա վայրերը (Կիլիկյան Հայաստան), Չավուշօղլուն օգնելու պատրաստակամություն է հայտնել:

XS
SM
MD
LG