Մատչելիության հղումներ

«Չեմ կարծում, թե հայ-թուրքական բանակցություններն այս պայմաններում հեռանկար ունեն»․ Դավիթ Հովհաննիսյան


«Չեմ կարծում, թե հայ-թուրքական բանակցություններն այս պայմաններում հեռանկար ունեն»,«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան, արաբագետ Դավիթ Հովհաննիսյանը։

Թուրքիայի մտադրություններն արաբագետը լուրջ չի համարում և դրանք հերթական իմիտացիա որակում՝ շեշտելով՝ Թուրքիայի միակ նապատակն ընդամենը ցույց տալն է, որ հայերի հետ սկսել են բանակցել, խաղաղություն են ուզում, ոչ մի պատերազմի կողմ չեն, որովհետև, ըստ Հովհաննիսյանի, Անկարան վստահ չէ, որ սահմանների բացման դեպքում բոլոր ճանապարհները կկարողանա վերահսկել։

«Ուրեմն ավելի լավ է փակ մնան, ավելի լավ է խոչընդոտես, քան գլոբալ խաղացողների ձեռքը գլոբալ ենթակառուցվածք ընկնի։ Եթե կարող ես փակ պահել, փակ պահի։ Այսինքն՝ ես ոչ մի վայրկյան չեմ կարծել, որ այս բանակցություններն այս պայմաններում հեռանկար ունեն։ Կարող է վաղը փոխվեն պայմանները և շատ հնարավոր է, որ փոխվեն, բայց դեռ դրա նախանշանները գոյություն չունեն», - ասաց Սիրիայում Հայաստանի նախկին դեսպանը։

Էստեղ շատ լուրջ շահերի բախում կա, շեշտեց Հովհաննիսյանը՝ շարունակելով՝ դեմարկացիան մի բան է, բայց դելիմիտացիայի ու ճանապարհների բացման հնարավորությունները կապված են լուրջ գլոբալ ենթակառուցվածքի վրա վերահսկողություն հաստատելու հետ դեպի Կենտրոնական Ասիա, իսկ այնտեղ Չինաստանի հետ կապված շահեր կա։

«Այսինքն՝ սա շատ խառը կծիկ է, որը պիտի վերլուծվի, և հասկանալի է, որ ամենաշահագրգիռ կողմը էդ ճանապարհների բացման համար Միացյալ Նահանգներն է՝ եղել են և հիմա էլ կան, որովհետև դա շատ լավ հնարավորություն է արագ հասնել և թափանցիկ ու հասանելի ճանապարհ ունենալ։ Ովքեր են դեմ, Դուք արդեն կարող եք ինքներդ թվարկել», - ասաց Սիրիայում նախկին դեսպանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG