Եվրոպական միության գործադիր մարմինը՝ Եվրոպական հանձնաժողովն այսօր պետք է վճիռներ կայացնի Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցով:
Հանձնաժողովականները հունիսի 13-ից են սկսել երեք երկրների ներկայացրած դիմումների և լրացված հարցարանների քննարկումը: Հանձնաժողովն իր պաշտոնական եզրակացությունները կներկայացնի Բրյուսելում հունիսի 23-24-ը կայանալիք Եվրոպական միության գագաթնաժողովի քննարկմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրահանձնաժողովն այսօր կհրապարակի Ուկրաինայի հայտի վերաբերյալ իր որոշումըՀանձնաժողովի ուշադրության կենտրոնում նախևառաջ Ռուսաստանի ագրեսիային ենթարկված և անկախության ու տարածքային ամբողջականության համար կենաց ու մահու կռվի մեջ ներքաշված Ուկրաինան է:
Քաղաքական վերլուծաբանների համոզմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը, ինչպես նաև Միությունն ընդհանուր առմամբ հակված են բավարարելու Ուկրաինային դիմումը:
Չի բացառվում, որ նմանօրինակ որոշումներ կկայացվեն նաև նախկին խորհրդային մնացած երկու երկրների՝ մշտապես ռուսական ագրեսիայի սպառնալիքի ներքո գոյատևող Մոլդովայի և 2008-ին ագրեսիայի ենթարկված Վրաստանի վերաբերյալ:
Եվրոպական միության անդամի թեկնածությունը բնավ չի երաշխավորում արագ անդամակցում: Գործընթացը կարող է տևել երկար տարիներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոն. «ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցումը կարող է տարիներ և նույնիսկ տասնամյակներ տևել»Թեկնածուները պարտավորված կլինեն կատարել բազում բարեփոխումներ, ապացուցել, որ լուրջ նվաճումներ են ապահովել կոռուպցիայի դեմ պայքարում, ապացուցել հավատարմությունը դեմոկրատիային: Թեկնածուները պետք է ազգային օրենսդրությունները համապատասխանեցնեն եվրոպական չափանիշներին, երաշխավորեն մամուլի լիակատար ազատություն և մարդու իրավունքների ապահովում: Թեկնածուները պետք է կայացնեն բաց շուկայական մրցակցային տնտեսություն:
Քաղաքական շրջանակներում այդ պարտավորությունները հայտնի են որպես «Կոպենհագենյան չափանիշներ»:
Անդամակցությունն ունի երեք փուլ. առաջինը թեկնածուի կարգավիճակի ձեռքբերումն է, երկրորդը՝ թեկնածուի և Եվրամիության բանակցությունների գործընթացը, երրորդը՝ բուն անդամակցումը։
Բայց այստեղ էլ կան բարդություններ: Բանակցությունների փուլում Եվրամիության բոլոր անդամներն առանց բացառության պետք է միաձայն հավանություն տան գործընթացին, և հաջորդ յուրաքանչյուր քայլ վերստին բոլորի հավանությունն է պահանջելու:
Այս ճանապարհը բոլորից արագ անցել է Ֆինլանդիան, որը 1993-ի փետրվարի 1-ին սկսել է բանակցել և ԵՄ անդամ է հռչակվել 1995-ի հունվարի 1-ին: