Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլին կոչ է անում Թբիլիսիում ցույց անցկացնել ի աջակցություն եվրաինտեգրման


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանրությանը կոչ է արել միավորվել և հունիսի 16-ին մայրաքաղաք Թբիլիսիի Ռիկեի հրապարակում անցկացնել ցույց, որով կընդգծվի եվրոպական ինտեգրման ճանապարհով առաջ շարժվելու վճռականությունը:

«Մենք պարտավոր ենք մի կողմ դնել բոլոր տեսակի տարաձայնությունները, հակադիր կարգախոսները և առճակատումը: Խնդրում եմ Եվրամիության դեսպանին և մյուս դեսպաններին միանալ մեր ակցիային, որը կանցնի առանց բարձրախոսների», - ասել է Զուրաբիշվիլին:

Նրա համոզմամբ՝ այսօրինակ ակցիան պարտադիր է Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածության կարգավիճակ շնորհելու հարցով Բրյուսելում կայանալիք քննարկումներից առաջ:

Վրաստանի նախագահն ասել է նաև, թե անցած շաբաթավերջին Բրյուսել կատարած իր վերջին այցը բավական բարդ է անցել:

«Բրյուսելում ինձ ներկայացվել է, այսպես ասենք, «Վրաստանի ձախողման գործը», որով Ուկրաինայի և Մոլդովայի հետ Եվրամիությանն անդամակցելու եռյակում առաջատար համարվող Վրաստանը մեկ տարում նահանջել և վերջին տեղում է հայտնվել», - նշել է Զուրաբիշվիլին:

Նա քննադատել է կառավարության և «Վրացական երազանք» իշխող կուսակցության գործելակերպը և ասել, թե իշխանությունը շատ սխալներ է գործել եվրաինտեգրման ճանապարհին: Միաժամանակ, Զուրաբիշվիլին ասել է, թե «ընդդիմությունն էլ, իր հերթին, միայն հանուն սեփական նպատակների է գործել»:

Վրաստանի նախագահը քննադատել է կառավարության դիրքորոշումը բարեկամական Ուկրաինայի նկատմամբ:

«Մեր ավանդույթներով՝ եթե մարդը կամ երկիրը պատերազմի մեջ են, նրա հանդեպ պետք է հանդուրժողական լինել, այլ ոչ թե, ինչպես այս դեպքում եղավ, ներքաշվել ինչ-որ անիմաստ բանավեճի մեջ: Մեր գործընկերների համար անհասկանալի է նաև մեր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում: Մի կողմից՝ մենք միացել ենք միջազգային պատժամիջոցներին, այդ թվում՝ ամենակարևորը հանդիսացող ֆինանսական հատվածում, մյուս կողմից՝ մենք հայտարարում ենք, թե սանկցիաներ չենք ընդունում», - ասել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով՝ արևմտյան գործընկերներից և ոչ մեկը Վրաստանին չի հորդորել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացել, սակայն այդ թեման հաճախ է արծարծվում ներկայիս կառավարության և իշխող կուսակցության լիդերների կողմից: Դա, ըստ Զուրաբիշվիլիի, արվում է բնակչությունը ճնշման տակ պահելու համար:

«Չեմ ուզում ինքս ներքաշվել բանավեճերի մեջ: Ոչ մի «երկրորդ ճակատ» չի լինի Վրաստանում, մենք մեր բնակիչների հարցերը կլուծենք խաղաղ ճանապարհով»,- ասել է նախագահը՝ նկատի ունենալով անջատական Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրը:

Զուրաբիշվիլին միաժամանակ հույս է հայտնել, որ չնայած այս բարդ իրավիճակին՝ Վրաստանը դեռ ունի Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հնարավորություն:

XS
SM
MD
LG