1456 անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք ու եկեղեցի, շուրջ 600 խաչքար․ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում մնացած հայկական գանձերը ոչնչացման սպառնալիքի տակ են։
Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը շեշտում է՝ բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի նպատակը հուշարձանների պաշտպանության համար երաշխիքների հասնելն է։
«Մշակույթին սպառնացող վտանգի մասին հանրային իրազեկման բարձրացումն է աշխարհի տարբեր երկրներում, ակադեմիական մակարդակում այդ հարցերը պարբերաբար բարձրաձայնելն ու տաք պահելն է», - ասաց Ստեփանյանը։
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ է անցկացվել խորհրդի առաջին նիստը, խորհրդի կազմում բայցի պետական մարմինների ներկայացուցիչներից նաև մասնագետ-փորձագետներ են, իրավաբաններ։
«Իհարկե, խոսքը նաև իրավական հարթության մեջ է, խորհրդի անդամների մեջ է նաև Եղիշե Կիրակոսյանը՝ դատական մարմիններում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը, և այս հարցը նաև քննության առարկա պետք է դառնա ռասայական խտրականության բոլոր ձևերի դեմ արգելքի կոնվենցիայի շրջանակներում արդարադատության միջազգային դատարանում քննվող հարցի շրջանակներում», - ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Պատերազմի ավարտից հետո արդեն իսկ բազմաթիվ փաստեր կան հավաքագրված ադրբեջանցիների կողմից արցախյան հուշարձանների պղծման վերաբերյալ՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Կանաչ ժամ, Մեխակավանի եկեղեցի, Հադրութի Իշխան գյուղի, Կատարո վանքի խաչքարեր, Թալիշի, Մատաղիսի, Ավետարանոցի հուշահամալիրներ։
«Ես վստահ եմ, որ մենք առաջիկայում նման դեպքեր էլի ենք ունենալու և, ցավոք սրտի, մեր մոնիթորինգի հնարավորությունները շատ քիչ են, որովհետև օգտվում ենք հիմնականում բաց աղբյուրներից եկող տեղեկություններից», - ասաց Արցախի օմբուդսմենը։
Գեղամ Ստեփանյանի տեղեկացմամբ, ողջ տեղեկատվությունը պետք է համակարգված դիտարկվի ու հասանելի դառնա միջազգային բոլոր կառույցների համար։ Այդ ամենը պատրաստվում են ներկայացնել նաև բոլոր այն հարթակներում, որտեղ հայ-ադրբեջանական հարցը քննարկման թեմա է։
Խորհրդի առաջին նիստում միջոցառումների ծրագիրն է հաստատվել՝ աշխատանքային ուղղություններից է նաև մոնիթորինգը, վանդալիզմի դեպքերի մասին հայկական կողմը սովորաբար ադրբեջանական աղբյուրներից է տեղեկանում, անհրաժեշտ է արբանյակային դիտարկում՝ շեշտում է Արցախի օմբուդսմենը։
Հազարավոր հուշարձան, սրբավայր ու վանական համալիրներից բացի այս պատերազմից հետո ադրբեջանական հսկողության տակ են հայտնվել նաև 8 պետական թանգարաններ՝ ավելի քան 19 հազար ցուցանմուշներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանման մտահոգությունները դեռ առկա են․ զեկույց