Մատչելիության հղումներ

Արցախի մշակույթի նախարարի համոզմամբ, հայկական հուշարձանների ոչնչացմամբ Ադրբեջանը տարածքները լեգիտիմացնելու քայլեր է անում


Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Պատերազմը շարունակվում է՝ ասում է Արցախի կրթության, գիտության ու մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ նկատի ունենալով Ադրբեջանի հետ մշակութային պատերազմը։

Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ։ Այս մասին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հրապարակած զեկույցում է նշվում։

8 պետական թանգարաններ՝ 19 հազար 311 ցուցանմուշներով, Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները, 161 վանքեր ու եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ։

«Աշխատանքը այնքան ծավալուն է, որ մինչ հիմա հստակ հուշարձանների պատկերը դեռ չունենք։ Այն բոլոր գյուղերը, որոնք որոշվեց որ մնում են թշնամու վերահսկողության տակ, նաև այնտեղ կան վիճահարույց տարածքների հուշարձաններ, որի պատճառով է, որ զեկույցի թարգմանությունը մի քիչ երկարաձգվեց», - ասաց Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարը։

Հուշարձանների ոչնչացմամբ Ադրբեջանը տարածքները լեգիտիմացնելու քայլեր է անում, ասում է Լուսինե Ղարախանյանը։

«Մենք ունենք Ազոխի քարանձավ, որը համաշխարհային նշանակության գիտական, ուսումնական տարածք է։ Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահը Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնելու մասին ակնհայտ հայտարարություն է անում, սա 21-րդ դարում ես ընկալում եմ որպես վայրենություն», - ասաց Արցախի մշակույթի նախարարը։

Եռալեզու զեկույցը թարգմանության փուլում է։ Ներառում է տվյալներ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ, այդ թվում՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Կանաչ ժամ անունով հայտնի եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը։

Անդրադարձ կա նաև Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ ապատեղեկատվության միտումնավոր տարածման և մշակութային կոթողները «ալբանիզացնելու» քաղաքականությանը, ինչը ևս ոչնչացման սպառնալիքի տակ է դնում Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը:

«Ես ցավով եմ ուզում արձանագրել, որ միջազգային կառույցները կա՛մ չեն ցանկանում, կա՛մ ի զորու չեն օգնելու Արցախին՝ մշակությային անշարժ և շարժական մշակութային ժառանգության փրկության հարցում», - ասաց Ղարախանյանը։

Զեկույցը ներկայացվելու է միջազգային բոլոր այն հեղինակավոր կառույցներին, որոնք զբաղվում են մշակույթի և պատմական ժառանգության պահպանման հարցերով, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկատմամբ հավատ և վստահություն այլևս չկա՝ ցավով արձանագրում է Լուսինե Ղարախանյանը՝ հիշեցնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկող հանձնախմբի չեղարկված այցը, որին խոչընդոտում էր Ադրբեջանը։

Չսպասելով միջազգային կառույցների քայլերին, հայկական կողմը ինքն էլ է լուծումներ փնտրում։ «Մենք ունենք ադրբեջանցի նկարիչների գործեր, որ պահել ենք 91-ի պատերազմից և գուցե դա դիտարկենք որպես փոխանակման մեխանիզմ, և օգնի մեզ Շուշիում կամ Հադրութում մնացած պատմամշակութային ժառանգությունը դուրս բերելու հարցում», - ասաց Արցախի մշակույթի նախարարը։

Այս ուղղությամբ քայլեր արդեն արվել են և շարունակվում են արվել, աշխատանք է տարվում նաև ռուս խաղաղապահների հետ։ Ավելին՝ Լուսինե Ղարախանյանը այս փուլում հրապարակել ճիշտ չհամարեց, բայց հույս հայտնեց, որ արդյունքի են հասնելու։

XS
SM
MD
LG