Մատչելիության հղումներ

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանման մտահոգությունները դեռ առկա են․ զեկույց


Ռուս խաղաղապահները ադրբեջանական դարձած Քարվաճառի հայկական Դադիվանքի վանական համալիրի մոտ, 24-ը նոյեմբերի, 2020թ․
Ռուս խաղաղապահները ադրբեջանական դարձած Քարվաճառի հայկական Դադիվանքի վանական համալիրի մոտ, 24-ը նոյեմբերի, 2020թ․

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում կրոնական և մշակութային ժառանգության պահպանման մտահոգությունները դեռ առկա են, փաստում է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցը։

Զեկույցի հեղինակները հղում են անում 2021-ի սեպտեմբերի 27-ին Ստրասբուրգում ընդունված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևին, որը դատապարտում է վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում, մասնավորապես՝ Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ժամանակ մշակութային ժառանգությանը միտումնավոր հասցված վնասը, Սուրբ Փրկիչ, Ղազանչեցոց եկեղեցիների կանխամտածված գնդակոծությունը, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների ու գերեզմանների ավիրումը կամ վնասումը։

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին հրետակոծությունից հետո, 13-ը հոկտեմբերի, 2020թ․
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին հրետակոծությունից հետո, 13-ը հոկտեմբերի, 2020թ․

Զեկույցը նաև հղում է անում Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությանը, որը արբանյակային լուսանկարներով է արձանագրել հայկական երկու գերեզմանոցների ավերումը, ինչպես նաև ցուցակագրել այն եկեղեցիները, որոնք վնասվել էին մոտակայքում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ։

Ամենամյա զեկույցում, կրկին հղում անելով ԵԽԽՎ բանաձևին, նշվում է նաև, որ Վեհաժողովը դատապարտել է նաև Հայաստանին՝ այն վնասների ու ավերածությունների համար այն շրջաններում, որ նախկինում վերահսկում էր հայկական կողմը, մասնավորապես մատնանշելով՝ վերջին 30 տարիների՝ Աղդամի, Ֆուզուլիի և այլ տարածքների ավերածությունները։ Ասվում է նաև, որ հայերը մզկիթներ, սրբավայրեր և գերեզմանոցներ են վանդալիզմի ենթարկել կամ ոչնչացրել Ֆիզուլիում, Աղդամում, Զանգելանում, Քելբաջարում և Ջաբրայիլում։

Կրոնական ազատությունների նկատմամբ բռնաճնշումներ Չինաստանում

Չինաստան - Ույղուրների և անվտանգության ուժերի միջև բախումներ Ուրումչիի փողոցներից մեկում, 2009թ․
Չինաստան - Ույղուրների և անվտանգության ուժերի միջև բախումներ Ուրումչիի փողոցներից մեկում, 2009թ․

Ամենամյա այս զեկույցը Կոնգրեսին ներկայացրել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Հատուկ հանձնարարությունների դեսպան Ռաշադ Հուսեյնը։

Ամերիկացի պաշտոնյաներն առանձնացրել են հատկապես Չինաստանում կրոնական ազատությունների նկատմամբ բռնաճնշումների շարունակական բնույթը:

«Չինաստանը շարունակում է ցեղասպանություն և բռնաճնշումներ իրականացնել հիմնականում մահմեդական ույղուրների և այլ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: 2017-ի ապրիլից ի վեր ավելի քան 1 միլիոն ույղուրներ, էթնիկ ղազախներ, թուրքեր և այլ փոքրամասնություններ են ձերբակալվել Սինցզյանում գտնվող ճամբարներում», - ասվում է զեկույցում:

Պեկինը մերժում է միջազգային հանրության դատապարտող հայտարարությունները՝ պնդելով՝ զանգվածային կալանավայրերը մասնագիտական վերապատրաստման կենտրոններ են:

Էնթոնի Բլինքեն
Էնթոնի Բլինքեն

Բլինկքնն իր ելույթում ընդգծել է, որ Չինաստանի կոմունիստական կառավարությունը նաև շարունակում է բռնաճնշումները տիբեթյան բուդդայականների դեմ: Նա շեշտել է Իրանում, Մյանմարում, Աֆղանստանում և մի շարք այլ երկրներում արձանագրված կոպտագույն խախտումները: Ռուսաստանը նույնպես այս երկրների ցուցակում է, հավելել է Հատուկ հանձնարարությունների դեսպան Ռաշադ Հուսեյնը։

Ռաշադ Հուսեյն
Ռաշադ Հուսեյն

Ռուսաստանը նույնպես այս երկրների ցուցակում է, հավելել է Հատուկ հանձնարարությունների դեսպան Ռաշադ Հուսեյնը։

«Անցյալ տարի առաջին անգամ կրոնական ազատությունների խախտումների պատճառով «առանձնահատուկ մտահոգություն ներկայացնող» Ռուսաստանում դրական առաջընթաց չի գրանցվել, այլ հակառակը։ Ռուսաստանի դատարանները շարունակում են ոտնահարել քաղաքացիների կրոնական ազատության իրավունքներն ու չափազանց խիստ, երկարաժամկետ բանտարկության պատիժ սահմանում:Ռուսաստանի իշխանությունները բազմաթիվ խուզարկություններ են անցկացնում ենթադրյալ ծայրահեղականների նկատմամբ, որոնք հաճախ ուղեկցվում են բռնություններով», - հայտարարել է Հատուկ հանձնարարությունների դեսպան Ռաշադ Հուսեյնը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG