Քաղաքակիրթ աշխարհը ճգնաժամի մեջ է և չի տեսնում, թե ինչ է կատարվում Արցախի հայկական մշակութային ժառանգության հետ։ Արցախի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը «Ազատության» հետ զրույցում ցավով նշեց՝ ամենատես միջազգային հանրության աչքի առջև են պղծվում, գետնին հավասարեցվում հայկական հուշարձանները, արձագանքը գրեթե անլսելի և անշոշափելի է, մինչդեռ, նախարարի խոսքով, «տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն»։
Մի քանի օր առաջ ադրբեջանցիները հերթական հայկական հուշարձանն են ավիրել Շուշիում՝ Հայոց ցեղասպանության զոհերի, Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող կոթողը։
Ըստ շրջանառվող լուսանկարների, ավելի վաղ ադրբեջանցիները Շուշիում քանդել էին Կանաչ ժամ եկեղեցին, դեռևս պատերազմի ժամանակ հատուկ նշանառությամբ երկու անգամ խոցել էին Ղազանչեցոց եկեղեցին։
Բոլորովին վերջերս BBC-ն ռեպորտաժ էր հրապարակել «Լեռնային Ղարաբաղ. կորած եկեղեցու առեղծվածը» վերնագրով, որտեղ լրագրողը հետաքննել է Ջաբրայիլի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու անհետացումը։
Թեմային մի քանի օր առաջ անդրադաձել էր նաև ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ կարևորելով տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ–ի առաքելության շուտափույթ այցը։
Այդուհանդերձ, Արցախում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկատմամբ հավատ և վստահություն այլևս չկա։ Լուսինե Ղարախանյանը հիշեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտադիտարկող հանձնախմբի չեղարկված այցը և անում իր հետևությունները․ - «Իմ կարծիքով, Ադրբեջանի իշխանություններն են խոչընդոտել։ Եվ դա ամոթալի է, եթե 21-րդ դարում կատարվում է այս ամենը, և դա սպառնալիք է համաշխարհային մշակույթին»։
Չսպասելով միջազգային կառույցների քայլերին, հայկական կողմը ինքն է լուծումներ փնտրում։ Ղարախանյանը հիշեցնում է, որ հայկական կողմում են ադրբեջանցի նկարիչների գործեր, որ պահվել են 91-ի պատերազմից հետ։ Գուցե աշխատի փոխանակման մեխանիզմը և օգնի Շուշիում կամ Հադրութում մնացած պատմամշակութային ժառանգությունը դուրս բերելու հարցում․ - «Առաջընթացն այն է, որ ICOM-ը արդեն մեզ պատասխանել է, Ռուսաստանի Դաշնության համապատասխան խողովակաշարերով մենք փորձում ենք հետ բերել Շուշիի ժառանգությունը։ Որոշ առաջընթացներ կան, բայց դրանք շոշափելի չեն, որ մենք հանրայնացնենք»։
Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ։ Այս մասին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հրապարակած զեկույցում է նշվում։
«Միակ հույսն այսօր ռուս խաղապահներն են», - ասում է Արցախի մաշկույթի նախարարը։
Հնագետ, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը վստահ է, որ Ադրբեջանը մտածված մշակութային եղեռն է իրականացնում։ Նա պատահական չի համարում, որ թիրախում է հայտնվել նաև հետխորհրդային տարիներին ստեղծված մշակութային ժառանգությունը․ - «Անկախության տարիներին ստեղծված բոլոր հուշարձանները կամ ժառանգությունը Ադրբեջանը դիտարկում է որպես օկուպանտների ստեղծած, հայկական սիմվոլներով գրավյալ տարածքը փոխելու ձգտում։ Եվ միանշանակ ասում է՝ դուք բերել եք, դուք դրել եք, մենք վերացնելու ենք այդ ամենը»։
Վերացնելով դարեր առաջ հայերի կողմից ստեղծված մշակութային արժեքները, ըստ մասնագետի, Ադրբեջանը փորձում է առհասարակ վերացնել հայկական հետքը։ Պատահական չէ, որ ամեն առիթով հայկականը փորձում են աղվանական ներկայացել․ - «Ալիևը ի՞նչ է հասկանում, որ գա ու նայի, ասի՝ էս արձանագրությունը հետո են փորագրել։ Ինքը հո մասնագետ չի՞։ Դա նշանակում է, որ նախօրոք էդ ամենը մշակված է։ Իրենք հասկանում են, թե էս ժողովուրդը, էս մարդիկ ունեն-չունեն մի քանի խաչքար ունեն, իրենք դա շատ թանկ են գնահատում, և մենք ցուցադրաբար այդ ամենը արհամարհենք, պղծենք, էնքան իրենք իրենց շատ ավելի վատ կզգան»։
Ինչպես պաշտպանել այդ դեպքում այլևս Ադրբեջանի ձեռքում հայտնված հայկական ժառանգությունը, եթե այստեղ էլ միջազգային հանրութոյւնը կրավորական դիրք է բռնել։ Հնագետի գնահատակնները լավատեսական չեն։ 90-ականներին հաղթանակած ժողովուրդը չօգատգործեց իր հնարավորությունը, տարիներ շարունակ պետական այրերը սեփական շահից այն կողմ չմտածեցին, շունչ ու կենդանություն չտվեցին տարածքներին, որտեղ էլ մնացին մշակութային արժեքները․ - «Էսօր մենք կարող ենք դիմել տարբեր միջազգային կազմակերպությունների։ Մի թուղթ մենք ենք ուղարկում, հարյուրը Ադրբեջանն է ուղարկում։ Միջազգային կազմակերպությունները վերքաղաքական կազմակերպություններ չեն։ Մենք փորձում ենք, մոնիտորինգի խմբեր ենք ստեղծում, անընդհատ հետևում ենք, պատասխանում ենք, բայց ես չգիտեմ դա անում ենք, որ ինչ-որ արդյունք ունենա՞նք, թե՞ դա անում ենք, որովհետև բա ի՞նչ անենք ուրիշ»։