Իշխանությունների հրաժարականը պահանջող ընդդիմությունը վաղ առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվեց դեպի Արտաքին գործերի նախարարություն, որտեղ մեկնարկում էր Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։
Ցուցարարներն ԱԳՆ շենքին մոտենալ չկարողացան, մեծաթիվ ոստիկաններ փողոցի ամբողջ երկայնքով պատնեշ էին կազմել։ Ընդդիմադիրները կանգ առան հարևանությամբ գտնվող Գլխավոր դատախազության դիմաց և չփորձեցին առաջանալ։
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը («Հայաստան») և մյուսներն իրենց ելույթներում նախ ողջունում էին Սերգեյ Լավրովին, ապա ներկայացնում իրենց ուղերձները. - «Այստեղ ենք՝ շատ հստակ մեր ուղերձը փոխանցելու, որ այն մարդկանց հետ, ովքեր ներկայանում են Հայաստանի իշխանություն, Դուք բանակցություններ եք վարում, իրենք կապ չունեն հայ ժողովրդի կամքի և դիրքորոշման հետ, իրենց հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է»։
Անցնող շաբաթներին ընդդիմադիրները նման ակցիաներ էին կազմակերպել նաև Լիտվայի ու Չեռնոգորիայի նախագահների այցերի ընթացքում։
«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն իր ուղերձը ռուսերենով ներկայացրեց. - «Մարդկանց այդ խումբը սեփական շահերն է ներկայացնում, ոչ թե հայ ժողովրդինը։ Եթե անգամ նրանք խոստումներ տան, թե պատրաստ են տարբեր փաստաթղթեր ստորագրել, դրանք որևէ իրավական ուժ չեն ունենա»։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը Ռուսաստանից ունեցած ակնկալիքներից խոսեց։ Նա ընդգծեց, որ իրենք ցանկանում են պատասխան ստանալ, թե երբ են ադրբեջանական ուժերն Արցախի Փառուխ գյուղից ու Քարագլխի բարձունքից հետ քաշվելու ելման դիրքեր։
Պատգամավորը խոսեց նաև գերիների վերադարձի մասին՝ շեշտելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է ստորագրել. - «Մենք հույս ունենք, որ այս տարվա ցրտաշունք ձմռանը մեր արցախցի հայրենակիցներին առանց գազ թողնելը, գազամատակարարման կասեցումը, որը ոչ այլ կերպ, քան սոցիալական տեռոր անվանել հնարավոր չի, այլևս երբեք չի թույլատրվի մեր բարեկամների կողմից ադրբեջանական ուժերին»։
Ի դեպ, ընդդիմադիրների գործողություններին անդրադարձ եղավ արտգործնախարարների ասուլիսում։ Ռուս լրագրողի հարցին պատասխանելով՝ Արարատ Միրզոյանն ասաց, թե Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, որովհետև նախ անցած տարի արտահերթ ընտրություններ եղան, իսկ փողոցային ակցիաներին մասնակցող մարդկանց թիվն, ըստ նախարարի, ցույց չի տալիս, թե ընդդիմադիրները քաղաքացիների աջակցությունն են վայելում. - «Որքանով որ հասցրել եմ հետևել և հասկանալ, հանրահավաքներ կազմակերպող և մասնակցող ուժերը խոսում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ քաղաքականություն չի վարում Լեռնային Ղարաբաղի հարցում, ճիշտ քաղաքականություն չի վարում Արդբեջանի հետ բոլոր թվարկածս ուղղություններում բանակցություններում, ճիշտ քաղաքականություն չի վարում Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացում և այլն, և այլն։ Եվ էստեղ պետք է ասեմ, որ տարօրինակորեն մենք չենք տեսել հայտարարություններ այն մասին, [որ] եթե մեր կառավարությունը հրաժարական տա և իշխանությունը ինչ-որ կերպ փոխանցվի այդ ուժերին... նրանք պատրաստվում են, օրինակ, չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կամ 2021 թվականի հունվարի և արդեն նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունները»։
Արտգործնախարարության շենքին հարակից հատվածում ելույթներից հետո ցուցարարները շարժվեցին դեպի մայրաքաղաքի գլխավոր ճանապարհային հանգույցներից մեկը՝ Ֆրանսիայի հրապարակ, որը նրանք փակ են պահում մայիսի 1-ից։ Այստեղ երեկոյան հանրահավաք է նախատեսված։ Ընդդիմությունը պնդում է՝ իշխանությունները մտադիր են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել։ Իշխանությունները հերքում են այս մեղադրանքները։
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն այսօր Երևանում կքննարկեն հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և այլ միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր: Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, նախատեսվում է քննարկել նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021-ի նոյեմբերի 26-ին ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը։ Լավրովի հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատրյանի հետ։
Ռուսաստանի արտգործնախարարն այսօր վաղ առավոտյան իր հայաստանցի պաշտոնակցի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ռուսաստանի արտգործնախարարը Երևան է ժամանել Անկարայից, որտեղ բանակցություններ է վարել իր թուրք պաշտոնակցի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովը Երևանում կքննարկի եռակողմ համաձայնությունների կատարման ընթացքը