Եվրամիությունը մտահոգված է Ստեփանակերտում գազամատակարարման խափանման մասին հաղորդումներով, ասված է Եվրամիության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոյի հայտարարությունում։
«Շտապ անհրաժեշտություն կա ապահովելու տուժած տեղական բնակչության գազամատակարարման անհապաղ վերսկսումը, մասնավորապես, եղանակային վատ պայմանների համատեքստում», - հայտարարել է Եվրամիության պաշտոնյան։
Հայտարարությունում Եվրամիությունը անհասցե կոչ է արել թույլ տալ վերականգնել գազամատակարարումը՝ նշելով, որ ուշադիր հետևում է այս և տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներին ու կշարունակի իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար։
Արցախի տարածքում մարտի 8-ից11 օր գազ չկար, գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում էր` Շուշիի մոտ: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել: Մարտի 18-ին հաղորդվեց գազատարի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, հաջորդ օրվանից գազամատակարարումը վերականգնվեց: Այդուհանդերձ, մարտի 21-ից գազամատակարարումը վերստին դադարեցված է։