Իրավապահները քննություն կսկսեն՝ պարզելու՝ արդյոք ոստիկանությունը ըստ օրենքի է հատուկ միջոց կիրառել. դատախազություն

Անցած ուրբաթ Պռոշյան փողոցում տեղի ունեցած բախումներից հետո Գլխավոր դատախազությունը այսօր հայտարարեց՝ իրավապահները քննություն կսկսեն՝ պարզելու՝ արդյոք ոստիկանությունը ըստ օրենքի է հատուկ միջոց կիրառել։ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ կքննեն նաև ոստիկանության գործողությունները կառավարական առանձնատան մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ։

Մինչ այս պահը ոստիկաններից որևէ մեկի դեմ քննություն չի սկսվել։ Առայժմ ձերբակալված են միայն ցուցարարները։

Ընդդիմությունը պնդում է, թե այդ օրը ոստիկանները բռնություն են կիրառել, լուսաձայնային նռնակների հետևանքով էլ վնասվել է առնվազն 1 ցուցարար։ Դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը թեև անուն չի հրապարակում, բայց պնդում է՝ նռնակից տուժածը երիտասարդ աղջիկ է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում երեկվա բախումների համար

Առողջապահության նախարարությունը և բախումների գործը քննող Քննչական կոմիտեն մինչ այս պահը չեն մանրամասնում՝ անցած ուրբաթ հիվանդանոց տեղափոխված 60 քաղաքացիներից քանիսն են հատուկ միջոցներից տուժել։ Ոստիկանությունը, իր հերթին, հաղորդում է, որ այդ օրը 40 ոստիկան է վնասվածք ստացել, որից միայն երկուսն են տուժել հատուկ միջոցներից, այն էլ՝ թեթև։

Բախումներին ներկա ընդդիմադիր պատգամավորը ևս պնդում է՝ առաջին կրակոցից ոստիկաններ են տուժել։ Պատգամավորը վկայակոչում է Ոստիկանության մասին օրենքը, ըստ որի մինչև հատուկ միջոցների կիրառումը ոստիկանությունը պարտավոր է զգուշացնել այդ մասին և բավարար ժամանակ տրամադրել՝ օրինական պահանջները կատարելու և իրավախախտումը դադարեցնելու համար։

«Չի եղել որևէ պաշտոնական բարձրախոս, հայտարարություն, զգուշացում, դեռ ավելին՝ այդ կրակողներին և նրանց հրամանատարներն առաջին հերթին պետք է դատել կամ ծեծել, ոստիկանները պետք է ծեծեն, որ էնքան ոչ պրոֆեսիոնալ են, նույնիսկ իրենց ծառայության մեջ չեն սովորել այդ հատուկ միջոցները կիրառել: Մեր աչքի առաջ է չէ եղել, հատուկ միջոցի հենց առաջին կիրառումը հենց ոստիկանները ուղղությամբ էր, հետո մի քանի հատն էլ ամառանոցի տարածք էր: Դրանից 2 օր առաջ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ շատ ավելի լարված իրավիճակ էր», - ասաց Մանուկյանը:

Միջադեպից հետո Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Անցած ուրբաթ ձերբակալվել էր 13 ցուցարար, առայժմ, սակայն, պաշտոնապես չի հաղորդվում՝ իրավապահները նրանցից քանիսին են մեղադրանք առաջադրել։ Մինչ այդ, այսօր ոստիկանությունը նոր կադրեր հրապարակեց՝ ցույց տալու, որ հավաքը խաղաղ չի եղել։

Իրավապահները պնդում են, որ «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ ցուցարարները քարերով, մետաղյա ձողերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածել ոստիկաններին, փորձել են ճեղքել ոստիկանական պատը։ Ընդդիմադիր պատգամավորը հերքում է այս պնդումները՝ անդրադառնալով տեսանյութերին, որտեղ երևում է՝ ինչպես են շշեր նետվում, չի բացառում՝ գուցե սադրիչներ են եղել։

«Առնվազն ոստիկանությունը որևէ փաստական տվյալ չի ներկայացնում այդ քար նետելու, տվյալ դեպքում մի շիշ ոստիկանին կպավ, մի շիշ իմ գլխին կպավ: Այսինքն ինքը տվյալ դեպքում այդ խառնակ վիճակում ձևակերպել, որ կազմակերպած ինչ-որ հարվածներ են, չկար այդպիսի բան: Հակառակը՝ երբ քաղաքացուն բերման են ենթարկում, քաղաքացին հանգիստ ենթարկվում է, մեկ էլ սև բերետավորը կարող է գալ քացով խփել», - ընդգծեց Գեղամ Մանուկյանը:

«Սյդ պահին մարդ կար, ով մեծ մուրճով հարվածում էր ոստիկաններին և պետք էր ինչ-որ ձև դա կանգնեցնել». իրավապաշտպան

Սադրիչներն են քարեր նետել, թե ցուցարարները, էական չէ, ասում է ոստիկանության բարեփոխումներին ակտիվ մասնակցող իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, որը, կիսելով ընդդիմադիր գործչի տեսակետը, թե առաջին նռնակի արձակումը սխալ էր և ոչ պրոֆեսիոնալ, համաձայն չէ մյուսների կիրառման մասին գնահատականին։ Իոաննիսյանի խոսքով, կիրառվել է «Սվիրել» տեսակի նռնակ, ինչի կարիքը, նրա համոզմամբ, կար:

«Իհարկե, որովհետև այդ պահի դրությամբ ոստիկանության շարքի վահաններով ու սաղավարտներով չպաշտպանված շարքի ուղղությամբ թռնում էին քարեր և ոստիկանության ծառայողները էական մարմնական վնասվածքներ էին ստանում, այդ պահի դրությամբ մարդ կար, ով մեծ մուրճով հարվածում էր ոստիկաններին և պետք էր ինչ-որ ձև դա կանգնեցնել», - ընդգծեց Իոաննիսյանը:

Իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի դիտորդ Ռաֆայել Իշխանյանը, որ անցած ուրբաթ անձամբ է եղել բախումների կիզակետում, համաձայն է՝ միայն առաջին կրակոցն է սխալ կիրառվել, որից էլ ոստիկաններ են տուժել։ Մյուս կրակոցները եղել են ճիշտ, ասում է դիտորդը։ Բայց Իշխանյանը չի կիսում Իոաննիսյանի տեսակետը, թե քարեր, շշեր նետելը պետք էր կասեցնել նռնակներով։

Իշխանյանը հիշում է 4 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունը, երբ Բաղրամյան պողոտայի մոտ ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել։ Նույն սցենարն էր, ինչ անցած ուրբաթ, ասում է դիտորդը՝ ցույց տալով 2018-ի հեղափոխության ժամանակ և օրեր առաջ կիրառված հատուկ միջոցների կադրերը։

«Էս հավաքը որակել ոչ խաղաղ արդյոք հիմնավոր է, եթե այս հավաքը ոչ խաղաղ է, միանշանակ Հայաստանի վերջին տարիների պատմության մեջ բազմաթիվ հավաքներ, որտեղ եղել են անհնազանդության գործողություններ, որոնք կարելի է ասել իրավապաշտպանների, քաղհասարակության կոնսենսուսով համարվել են, որ թեև այդտեղ էլ են գուցե առանձին դեպքեր կամ ուժ է կիրառվել, բայց, այնուամենայնիվ, համարվում են խաղաղ հավաքներ, որովհետև մասնակիցների նպատակը չ եղել բռնություն գործադրելը: Նպատակը եղել է արգելափակված հատվածից անցնել առաջ՝ դրանով ցույց տալ իրենց հավաքը, որ պիտի այդ տեղով գնան և այլն: Այսինքն նպատակը եղել է անցնել որոշակի հատվածը», - ընդգծեց իրավապաշտպանը:

Մինչ դատախազությունը ցուցում կտա քննել հատուկ միջոցների կիրառման հարցը, ոստիկանությունը պնդում է՝ ամեն ինչ արվել է օրենքով։