Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց են ունեցել։
Պուտինը նախ շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առիթով։
Ըստ Հայաստանի կառավարության, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը:
Պուտինը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել սահմանների դեմարկացիայի գործընթացին: Ընդգծվել է, որ համաձայն պայմանավորվածության, հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում:
Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունն էլ նշում է․ - «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների իրագործման ընթացքին նվիրված քննարկման ժամանակ կողմերը ընդգծել են տարածաշրջանային կայունությանն ուղղված աշխատանքների ակտիվացման, ինչպես նաև Հարավային Կովկասում տրանսպորտային-լոգիստիկ ենթակառույցների զարգացման կարևորությունը»։
Ըստ հաղորդագրությունների, հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը Պուտինին պատմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած հանդիպման մասին։ Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ վարչապետը «մտահոգություն է հայտնել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հակադարձում է Ալիևին, կոչ անում չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները»«ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի ս/թ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին համապատասխան զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը», - ասված է ՀՀ վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում: Կրեմլն այդ մասին որևէ բան չի հաղորդում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը՝ հաջորդ շաբաթ Մոսկվայում
Պուտինն այսօր նաև շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին, մասնավորապես՝ նշելով, որ կշարունակեն համատեղ սերտ աշխատանքը ռուս-հայաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ։
Հայաստանի վարչապետին ծննդյան 47-ամյակի առթիվ շնորհավորել են նաև Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրեների ղեկավարներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Պուտինն ու Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ