Հայտնի են Ուկրաինայում զոհված ավելի քան 3 հազար ռուսաստանցի զինվորների անունները

Ուկրաինացիները վերահուղարկավորում են զոհված ռուսաստանցի զինծառայողներին, Մալայա Ռոհան գյուղ, Խարկովի շրջան, 18 մայիսի, 2022թ.

Ռուսական ուժերը, ծանր մարտեր մղելով, արդեն հասել են Սևերոդոնեցկի կենտրոն: Կիևը հաստատել է, որ իրավիճակը երկրի արևելքում ու հատկապես Դոնբասում, որտեղ ռուսներն առավել մարտական ճնշում են գործադրում, ծայրաստիճան բարդ է:

Լուգանսկի շրջանի զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Հայդարն ասել է, որ կռիվը քաղաքի ամեն փողոցի և բակի համար է, ռուսները հուժկու հարձակումներ են կատարում:

Սևերոդոնեցկի քաղաքապետ Օլեքսանդր Ստրյուկի փոխանցմամբ էլ, քաղաքի մոտ 50 տոկոսն արդեն ռուսների հսկողության տակ է:

Սևերոդոնեցկը և Սևերսկի Դոնեց գետի մյուս ափին գտնվող Լիսիչանսկը երկու կողմերի համար էլ ունեն կարևոր ռազմավարական նշանակություն: Ռուս զորավարների նպատակն է ամբողջությամբ շրջափակել Դոնբասը, նախքան ուկրաինացիները կստանան զենքի ու զինամթերքի նոր խմբաքանակ Արևմուտքից:

Գեներալների մոտ այդ երկու քաղաքները գրավելու մասին Կրեմլին զեկուցելու ցանկությունն այնքան մեծ է, որ ստիպում է նրանց առաջ ուղարկել նորանոր ստորաբաժանումներ: Բայց դրանց առնվազն մի մասի պատրաստությունը, զենքի և տեխնիկայի որակը և մարտական ոգին, ըստ արևմտյան վերլուծաբանների, որոշակի խնդիրներ է հարուցում:

Գետնի վրա ռուսների առավելությունը նախևառաջ թվային է: Սակայն դա էլ է գործոն: «Առաջընթացը դանդաղ է, բայց նվաճումներ կան: Մոսկվայի քաղաքական նպատակը մնում է Դոնեցկի և Լուգանսկի վրա ամբողջական հսկողության ապահովումը»,- նշվում է բրիտանական ռազմական հետախուզության մայիսի 31-ի զեկուցագրում:

Ռուսաստանն Ուկրաինայում արդեն կորցրել է 3052 զինծառայող. BBC

Մեծ թվով գրոհելու ռազմավարությունն իր գինն ունի: Կրեմլը վերջին անգամ զոհերի թվի մասին հայտնել է մարտի 25-ին, երբ այսպես կոչված` «հատուկ ռազմական օպերացիայի» սկզբից մեկ ամիս է անցել: Այդ օրը Պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն ասել է, որ զոհվել է 1351, և վիրավորվել է 3825 ռուսաստանցի զինծառայող:

Մինչդեռ, BBC ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ, Ռուսաստանն Ուկրաինայում արդեն կորցրել է 3052 զինծառայող: Ընդ որում, իրական թիվն, ըստ ռադիոկայանի, կարող է հասնել 12-ից 18 հազարի:

Ինչո՞ւ է այս պահին նշվում ճիշտ 3052 թիվը: BBC-ն պարզաբանում է, որ խոսքն անուն-ազգանուններով հաստատված զոհերի մասին է, որոնց հուղարկավորման հստակ վայրը նույնպես հայտնի է:

Այդ տվյալներն ամփոփելու համար հետաքննող լրագրողներն ընդամենը վերլուծել են բաց աղբյուրներում Ռուսաստանի տեղական իշխանությունների և տեղական մամուլի հրապարակած նյութերը: Ի դեպ, պարզվել է, որ տեղական իշխանությունները հաճախ չեն հրապարակել տվյալ բնակավայրից Ուկրաինա ուղարկված և զոհված զինծառայողի անունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բուչայում մարդկանց սպանդի հետ առնչություն ունեն «Ռոսգվարդիան» և չեչենական զորամիավորումները

Իրական թիվը գնահատելու համար կարելի է այցելել տեղական գերեզմանատներ: Կամավորները BBC-ի խնդրանքով այդօրինակ տխուր այցելություններ են կատարել Ստավրոպոլում, Կազանում, Կրասնոդարում, Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, մերձմոսկովյան Բալաշիխայում, Ուլյանովսկի և Կալինինգրադի շրջաններում և հայտնաբերել են զոհված զինվորների գերեզմաններ: Զինվորներ, որոնց անունները չեն հրապարակվել:

Հետաքննող լրագրողները հաշվարկել են Ուկրաինայում մարդու զոհվելու հանավանակությունը՝ հիմք առնելով նրա տարիքը, զոհվելու օրը և տապանաքարին զինվորական համազգեստով լուսանկարը:

Ուլյանովսկի մոտ գտնվող գերեզմանատանը նմանօրիինակ 42 գերեզման է եղել, Կազանում և Ստավրոպոլում դրանք կազմել են թաղումների ընդհանուր թվի 30 տոկոսը: Իսկ Կրասնոդարի մոտ՝ Կոպանսկի գերեզմանատան զինվորական պուրակում, դրանք կազմել են նոր թաղումների 100 տոկոսը:

Այդ և բազմաթիվ այլ տվյալներ վերլուծելով՝ BBC-ն ենթադրում է, որ Ուկրաինայում զոհերի իրական թիվը պաշտոնականի համեմատ 40-ից 60 տոկոսով ավելին է:

Բրիտանական հետախուզությունն էլ ենթադրում է, որ ռուսներն Ուկրաինայում կորցրել են մոտ 15 հազար մարդ՝ այնքան, ինչքան Աֆղանստանի դեմ Խորհրդային Միության վարած պատերազմի ամբողջ 9 տարիների ընթացքում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պնդմամբ, ռուսներն ավելի քան 30 հազար մարդ են կորցրել: Ռուսները պնդում են, որ ուկրաինացիների կորուստներն անհամեմատ ավելի մեծ են:

Նշենք, սակայն, որ ո՛չ Կիևի և ո՛չ էլ Մոսկվայի հայտնած թվերն այսօրվա դրությամբ չի կարելի արժանահավատ համարել:

Արժանահավատ է միայն այն փաստը, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին հարձակվել է Ուկրաինայի վրա, և այդ օրվանից երկու սլավոնական ու երբեմնի եղբայրական ժողովուրդներն իրար անխնա կոտորում են:

Your browser doesn’t support HTML5

Հայտնի են Ուկրաինայում զոհված ավելի քան 3 հազար ռուսաստանցի զինվորների անունները