Մատչելիության հղումներ

Բուչայում մարդկանց սպանդի հետ առնչություն ունեն «Ռոսգվարդիան» և չեչենական զորամիավորումները


Գերեզմաններ Բուչայում, արխիվ, Ուկրաինա, 18 ապրիլի, 2022թ.
Գերեզմաններ Բուչայում, արխիվ, Ուկրաինա, 18 ապրիլի, 2022թ.

Reuters լրատվական գործակալությունը լայնածավալ հետազոտություն է անցկացրել և հայտարարել է, որ Կիևի շրջանում գտնվող Բուչա ավանում մարդկանց սպանդի հետ առնչություն ունեն գրավման պահին այնտեղ գտնվող ռուսական ուժերը:

Ըստ հետազոտության, Կիևի շրջանի այդ հատվածում տեղակայված են եղել «Ռոսգվարդիա» կառույցի «Վիտյազ» ստորաբաժանումը, Պսկովից ժամանած 76-րդ դեսանտային դիվիզիան և չեչենական զորամիավորումները:

Reuters-ի հետաքննող լրագրողների փոխանցմամբ, Բուչայում Յաբլունսկի փողոցում, որտեղ ռուսները շտաբ էին տեղակայել և որտեղ հետագայում հայտնաբերվել են 8 խաղաղ բնակիչների դիակներ, ուկրաինացի զինծառայողները գտել են «Վիտյազ» ստորաբաժանման զինծառայող Կոնստանտին Կորշունովի վկայականը:

Տեղացի բնակիչները նաև հայտնաբերել են Պսկովից դեսանտային Ալեքսանդր Լոգվինենկոյին հասցեագրված մի նամակ:

Հարևան տանը, որը նույնպես այդ օրերին գրավել էին ռուս զինվորականները, պատի վրա գրված էր Wolf_68: Հետաքննող լրագրողները պարզել են, որ այդ անվամբ է ռուսական սոցցանցերում գրանցված 76-րդ դեսանտային դիվիզիայի 234-րդ ավիագնդի զինծառայող Կիրիլ Կրյուչկովը:

Չեչենների գործողությունների մասին են պատմել տեղացի բնակիչները, կան նաև այդ մասին վկայող լուսանկարներ և տեսագրություններ, որոնց մի մասը տեղադրվել է սոցցանցերում:

Reuters-ը հաստատել է, որ Բուչայում և դրա արվարձաններում խաղաղ բնակիչների սպանության օրերին տեղակայված են եղել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին ենթարկվող առնվազն երեք չեչենական զորամիավորումներ:

Ռուսական ուժերը Բուչայից հեռացել են ապրիլի 5-ին: Դրանից հետո քաղաքում հայտնաբերվել են գնդակահարված մարդկանց դիակներ: Զոհերից շատերի ձեռքերը կապված են եղել:

Ուկրաինան և արևմտյան երկրները Բուչայում ռուսական բանակի գործողություններն անվանել են «պատերազմի հանցագործություն» և «ցեղասպանություն»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է մեղադրանքը և պնդել է, թե ուկրաինական կողմը սադրիչ նպատակով կեղծ տեղեկություններ ու բեմականացված լուսանկարներ և տեսագրութություններ է ներկայացրել:

Ապրիլի 28-ին Ուկրաինայի դատախազությունը հրապարակել է Բուչայում պատերազմական հանցագործությունների և դիակապտության մեջ մեղադրվող 10-ը ռուսաստանցի զինծառայողների անունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG