Փաշինյան-Ալիև բրյուսելյան բանակցություններից մեկ օր անց՝ երեկ երեկոյան Երևանն ու Բաքուն գրեթե միաժամանակ հրապարակեցին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը։
Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պարագայում հանձնաժողովները գլխավորում են փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, որոնք նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների անդամներ են։ Հանձնաժողովների առաջին նիստը կկայանա առաջիկա օրերին՝ հայ-ադրբեջանական միջպետական սահմանին։
Հայկական հանձնաժողովի կազմում ևս 11 պաշտոնյա է ընգրկվել՝ արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության ու տարածքային կառավարման նախարարների, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալները, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը։
Ադրբեջանական հանձնաժողովում, բացի Մոստաֆաևից, ընդգրկվել են ևս 22 գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նախիջևանի փոխվարչապետը, վեց փոխնախարարներ, Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալը, Պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալը, Արտաքին հետախուզության պետի տեղակալը, ինչպես նաև Ղազախի, Աղստաֆի, Թովուզի, Գեդաբեկի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլուի ու Զանգիլանի շրջանների ղեկավարները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա օրերին Հայաստան - Ադրբեջան սահմանին տեղի կունենա սահմանագծման հանձնաժողովի առաջին նիստըԿիրակի Փաշինյան-Ալիև բանակցությունները հյուրընկած Եվրոպական խորհրդի նախագահը ոչ միայն հանձնաժողովի առաջիկա հանդիպման մասին էր հայտնել, այլ նաև տեղեկացրել, որ առաջնորդները համաձայնել են բացել հաղորդակցության ուղիները, այդ թվում՝ պայմանավորվել, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, ինչպես նաև Հայաստանի տարբեր մասերի միջև՝ Ադրբեջանի տարածքով։
Երեկ «Արմենպրեսի» հետ զրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչ է նշանակում հաղորդակցություն «Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով, և Հայաստանի տարբեր մասերի միջև Ադրբեջանի տարածքով»։
Ըստ Գրիգորյանի, «օրինակ, Հայաստանի քաղաքացիների և բեռների համար Երասխից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի և հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները և բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջևան»:
Հարցին, թե Հայաստանի քաղաքացիները ինչո՞ւ պիտի Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար օգտագործեն Նախիջևանի տարածքը, Գրիգորյանը պատասխանել է, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջևանով:
ԱԽ քարտուղարն այնուամենայնիվ չի հստակեցրել, թե այս հաղարդակցության դեպքում մաքսային և սահմանային վերահսկողության ինչ սկզբունքներ պետք է գործեն։
«Բաքվի՝ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը իրականություն չի դառնում»
Ամեն դեպքում քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը դրական է համարում ճանապարհների մասին ձևակերպումը՝ կարծիք հայտնելով, որ Բաքվի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը իրականություն չի դառնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը «Զանգեզուրի միջանցքը» համեմատում է Լաչինի հետ, Փաշինյանը՝ հակադարձում«Ես այդ հայտարարությունն այսպես եմ հասկանում, որ խոսքը գնում է Նախիջևանի տարածքով, օրինակ, Երևանից Մեղրի Նախիջևանի տարածքով երկաթգծի բացումը։ Իմ կարծիքով՝ դրական արձանագրում է, որ այդ երկու կետերը նույն հարթության մեջ են։ Այսինքն՝ եթե խոսք է գնում Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապելու ու Երևանն, օրինակ Նախիջևանի տարածքով Մեղրիի հետ կապելը, դա նշանակում է առնվազն, որ այս երկու ուղիները ունենալու են նույն կարգավիճակը, ու այդ առումով Ադրբեջանի նկրտումներն ինչ-որ հատուկ կարգավիճակի իրենց ճանապարհի համար կարծես թե չեն աշխատում», - ասաց քաղաքագետը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից առայժմ չեն պատասխանել «Ազատության» հարցմանը, թե կոնկրետ որտե՞ղ և ե՞րբ է տեղի ունենալու հանձնաժողովների առաջին նիստը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ ԱԳՆ-ի, Սոչիի հայտարարությամբ հերքվել է «միջանցքի թեզը», ընդդիմադիրները կասկածում են