Մատչելիության հղումներ

Սահմանազատմանն և սահմանագծմանը վերաբերող Սեյրան Օհանյանի հեղինակած հայտարարության նախագիծը մերժվեց


Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյան («Քաղաքացիական պայմանագիր»)
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյան («Քաղաքացիական պայմանագիր»)

6 դեմ, 4 կողմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեմ քվեարկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հեղինակած հայտարարության նախագծին։

Հայտարարությունը վերաբերում էր սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրներին։

Նիստի սկզբում իշխող մեծամասնությունը քվեարկեց ու որոշեց քննարկումը դռնփակ անցկացնել, քանի որ զգայուն հարցեր էին անդրադառնալու։ «Հաշվի առնելով, որ առաջարկվող հայտարարության նախագիծն իր բովանդակությամբ առավելապես ներքաղաքական է, պարունակում է կառավարության հասցեին ուղիղ կամ անուղղակի մեղադրանքներ և ըստ էության հանդիսանում է գործող ընդդիմության ներքաղաքական խոսույթի արտացոլումը, ուստի վերը նշվածն արդեն իսկ բավարար է, որպեսզի հանձնաժողովի ՔՊ ներկայացուցիչները դրան դեմ քվեարկեն։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով նախագծում տեղ գտած մի շարք զգայուն հարցերի առկայությունը, որոնց հրապարակային քննարկումը կարող է խոչընդոտել բանակցային գործընթացին, ինչպես նաև հարուցել անվտանգային խնդիրներ, առաջարկում են սույն հարցի քննարկումը անցկացնել փակ ձևաչափով», - ասաց հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի համար նիստը փակ անցկացնելու հիմնավորումը անընդունելի էր։ Ասաց՝ դա ընդամենը պատրվակ է, իրական պատճառը, նրա խոսքով, այն է, որ իշխանությունը գնում է ցավալի ու մտահոգիչ պայմանավորվածությունների. - «Էստեղ փակի ընդհանրապես հարց չկար... Իսկ իրենք ի՞նչ մեկնաբանությամբ արեցին փակ, ասեցին, որ իբր թե առաջին, որ զգայուն հարցեր են, կարծես թե զգայուն հարցերը արդեն դարձել են փակելու պատճառ... Հենց էս է խնդիրը, որ նորից մեծացնում է մտահոգությունը, որ այո, կան զգայուն հարցեր, հենց էդ զգայուն հարցերը որ ողջամիտ կասկածանքի չվերածվեն, պետք է դրանք փարատել։ Եվ դա պիտի կատարվի հրապարակային։ Իրենք անգամ չեն էլ թաքցնում, որ այո, շատ լուրջ կուլիսային պրոցեսներ կան տարբեր զգայուն խնդիրների հետ կապված»։

Արմեն Ռուստամյան
Արմեն Ռուստամյան

Պատգամավորը ներկայացրեց հայտարարության բովանդակությունը ու հարց հնչեցրեց՝ այստեղ ո՞ր կետի հետ համաձայն չեն իշխանությունները, որ դեմ քվեարկեցին. - «Եթե կարճ ձևակերպեմ, հետևյալն ա. ոչ մի զիջում մեր ինքիշխանությունից, մենք ասել ենք՝ Սահմանադրությամբ պետք է առաջնորդվեք։ Ինքնիշխանությունը վերաբերում ա նույն էդ միջանցքային տրամաբանությանը և զանազան այլ կորուստներին, որոնք կարա Հայաստանին պատահի։ Երկրորդը, չպիտի քայլ կատարվի այնպիսի, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, որը կնշանակի Արցախի հայաթափում։ Եվ երրորդը, ուժեղացնել մեր առաջնագիծը, ամրապնդել մեր դիրքերը։ Որովհետև մենք մեր սահմանները եթե չպաշտպանեցինք, ոչ ոք էլ դրսից չի գալու մեր տեղը դա անի։ Այսինքն՝ սրան են դեմ ըստ էության։ Հիմա թող բացատրեն, թե ինչու են սրան դեմ, և ստեղ ի՞նչ անվստահության հարց կա»։

Հիմնավորումներից մեկը, ըստ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի, տեքստում քաղաքական բաղադրիչն է, իսկ մյուս հիմնավրումներին անդրադառնակ չի կարող հենց այն պատճառով, ինչի համար որոշեցին նիստը դռփակ անցկացնել, զգայուն հարցեր կան. - «Պատճառների այն հատվածը, որը որ չի վերաբերվում ներքաղաքական կոմպոնենտին, դա, ցավոք, փակ հատվածին ա վերաբերվում, որի մասին չեմ կարող բարձրաձայնել»։

Չնայած նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ավարտին ընդունված հայտարարության մեջ ասվում էր, որ կողմերը պետք է գործընթացը մղեն սահմանազատման և սահմանագծման հարցով հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասում է, թե որևէ նորություն այս պահին չկա։

Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը հաջորդած փոխվարչապետերի հանդիպումներից մանրամասներ այդպես էլ չհրապարվեցին։ Միայն անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատությանն» ասաց, թե «չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել»։

Նկատենք սակայն, որ եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ փոխվարչապետերի հանդիպման արդյունքներով կհայտարարվեն ապաշրջափակման հարցով Սոչիում համաձայնեցված որոշումները։

Հայտնի է, որ փոխվարչապետերը առաջիկայում ևս մեկ անգամ պետք է հանդիպեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG