Մատչելիության հղումներ

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն․ Փաշինյան


«Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը», - այսօր կառավարության նիստի մեկնարկին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ձեռք բերված՝ երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությանը։

Փաշինյանը ասել է՝ այն ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք համանախագահում էին երեք երկրների փոխվարչապետերը՝ շեշտելով՝ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում իսկ, Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը, «ըստ էության, այս ամեն ինչն արձանագրվեց»:

Նոյեմբերի 26-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մոտ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում և կհայտարարեն որոշակի պայմանավորվածությունների մասին, որոնց շուրջ երեք երկրների առաջնորդները համաձայնության են եկել: Փոխվարչապետերի հանդիպումը կայացավ, սակայն հանդիպումից հետո այդպես էլ հայտարարություն չեղավ։

Ադրբեջանն երկաթուղային կապ կստանա Նախիջևանի հետ

Հայաստանի կառավարության ղեկավարն այսօր տեղեկացրեց, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո: Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան։ Ադրբեջանն երկաթուղային կապ կստանա Նախիջևանի հետ:

«Եթե մեզ հաջողվի որոշակի երկխոսություն սկսել և արդյունավետ երկխոսություն Թուրքիայի հետ, հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ: Այսինքն, ըստ էության, երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, գիտեք, որ Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի», - ասաց վարչապետը՝ ընդգծելով՝ պետք է սկսել երկաթուղու շինարարությունը։

Փաշինյան նշեց հարցի վերաբերյալ առաջիկա օրերին նեղ կազմով խորհրդակցությունների մասին՝ պատկերացումները կոնկրետացնելու համար՝ ժամանակացույց, «ճանապարհային քարտեզ»:

«Մեր մտադրությունն է և ցանկությունն է՝ օր առաջ ունենալ այդ երկաթուղին», - շեշտեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ այն էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, իհարկե, նաև քաղաքական և անվտանգային միջավայրը:

Ալիևի հետ շփումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռքբերվել

Նիկոլ Փաշինյաննը նաև ասաց, որ Ադրբեջանի նախագահի հետ շփումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

«Շփումները կշարունակենք՝ մեր օրակարգի հարցերի շուրջ փորձելով ձևավորել և ձևակերպել ընդհանուր տեսակետներ և մոտեցումներ: Այսինքն՝ համաձայնեցնել և հաղթահարել այն տարաձայնությունները, որոնք առկա են», - եզրափակեց վարչապետը։

XS
SM
MD
LG