Մի շարք կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող Հայաստանի նախկին գլխավոր դատախազը հայտարարում է, թե արդեն երեք տարի է, ենթարկվում է հետապնդման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղվան Հովսեփյանի գործն ուղարկվեց դատարան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է69-ամյա Աղվան Հովսեփյանը այսօր դատարանում ելույթ ունեցավ. - «Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունն իրականացվել է ոչ թե ինչ-որ դեպքի վերաբերյալ... հանցագործության մեջ ովքեր են մեղավոր՝ Հովսեփյանը թե ուրիշ, կամ կան այլ անձինք, ովքեր հանցակից են կամ մասնակից են, այլ նպատակային քննություն է կատարվել Աղվան Հովսեփյանի անձի վերաբերյալ»։
Արդեն ութ ամիս կալանավորված Աղվան Հովսեփյանը մեղադրվում է բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։ Նախկին գլխավոր դատախազին վերագրող հանցագործությունները, ըստ իրավապահների, տեղի են ունեցել նրա պաշտոնավարման ընթացքում։
45 տարի արդարադատության ոլորտում պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Հովսեփյանը, որ բիզնեսով զբաղվելու իրավունք չուներ, ըստ մեղադրանքի 7 միլիարդ դրամի եկամուտ է ստացել ձեռնարկատիրական գործունեությունից։
Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնավոր է համարել ապացույցները, որ բարձրաստիճան պաշտոնյան օգտվելով ունեցած դիրքից ու կապերից, հանցագործությունների է դրդել անձանց, ինչի հետևանքով տարբեր գույքեր որպես սեփականություն հաշվառվել են նրա ընտանիքի անդամների անունով։
Ինքը՝ նախկին գլխավոր դատախազը, պնդում է, թե իրավապահները գործի մեջ չեն ներառել կարևոր, իրեն արդարացնող ապացույցները, ինչն էլ հաստատում է իրեն հետապնդման ենթարկելու կասկածները. - «Թաքցրել են։ Իսկ ինչո՞ւ են թաքցրել։ Որպիսզի չերևա, որ էդ հետապնդումները իրականացվել են։ Բազում մարդկանց կանչել, հարցաքննել են էդ գործերով, որոնք ցուցմունք չեն տվել, որ Աղվան Հովսեփյանը հանցագործ է»։
Բոլոր ապացույցները քննելու համար այսօր Հովսեփյանի փաստաբանը միջնորդեց դատարանին՝ դիմել Հակակոռուպցիոն կոմիտե և ստանալ այլ նյութեր ևս։ Դատարան է գնացել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի՝ միայն Աղվան Հովսեփյանին առնչվող դրվագը։ Սա մաս է կազմում մեկ այլ ավելի ծավալուն քրեական գործի, որի նախաքննությունը շարունակվում է։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, ասաց, որ այս հարցին կանդրադառնա, երբ հերթը հասնի ապացույցների հետազոտմանը։
Դատավորի որոշումը զայրացրեց փաստաբան Երեմ Սարգսյանին։ Նա պնդեց, որ նախկին գլխավոր դատախազին արդարացնող շատ ապացույցներ իսկապես չկան գործում։ Օրինակ, նրա հեռախոսային զրույցների վերծանումը ցույց է տվել, որ Հովսեփյանը չի զանգահարել տարբեր պաշտոնյաների։ Այնինչ նրան մեղադրում են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսով բիզնեսին առնչվող ցուցումներ տալու համար. - «Կարող ա էդ նյութերն ունենք, մենք ուրիշ պաշտպանություն ձեռք բերենք։ Կարող ա մենք դրա վրա հղում կատարենք հարցաքննություն կատարելուց, կարող ա դրա հիման վրա միջնորդություն անենք, կարող ա ընդհանրապես որոշենք ցուցմունք չտանք կամ ցուցմունք տանք։ Այսինքն՝ էս ի՞նչ մոտեցում ա, ես չեմ հասկանում, դատախազության, դատարանի կողմից։ Հիմա մենք չե՞նք կարողանալու հասնել էս դատարանում արդարության»։
Իր հերթին մեղադրող դատախազ Գուրգեն Սաֆարյանը տարակուսեց, թե ինչու է պաշտպանական կողմը պահանջում դատարան ներկայացնել նյութեր, որոնք կապ չունեն Հովսեփյանի գործի հետ։ Ասաց, թե այս գործում կան նախկին դատախազի մեղքը հաստատող բավարար ու հիմնարար ապացույցներ. - «Մի դեպքում ասում եք, թե ապացույցներ չկան, մեղադրանքը հիմնավոր չի, եղած ապացույցները բոլորը արդարացնող են, և հիմա ասում եք՝ բերեք ուրիշ գործից հլը տեսնենք էնտեղ արդարացնող ապացույց կա թե չէ։ Անհասկանալի իրավիճակ ա։ Հիմա գործում էղած ապացույցները արդարացնո՞ղ են, թե՞ մեղադրող են»։
Հովսեփյանի, ինչպես նաև նրա երեք բիզնեսմեն որդիների դրամական եկամուտներն ու գույքը կալանքի տակ են։ Որդիների փաստաբանն այսօր դատարանին միջնորդեց կալանքից հանել գույքը, բայց դատարանը այս հարցի քննարկումը ևս հետաձգեց։
Դատարանն այսօր անցավ դատաքննության փուլ։ Հաջորդ նիստը հունիսի 10-ին է, դատախազները կհրապարակեն մեղադրական եզրակացությունը։