Մատչելիության հղումներ

Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է


Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն՝ նշելով՝ վերջինս մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների կատարման մեջ։ Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Գործով անցնող «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանն էլ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, մեղադրվում է Աղվան Հովսեփյանի դրդմամբ անհատույց օտարման եղանակով Վ. Ղ.-ին փաստացի պատկանող հողատարածքը վատնման եղանակով` նվիրատվության պայմանագրով 2017-ին Աղվան Հովսեփյանի որդու անվամբ գրանցելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

​Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Աղվան Հովսեփյանը 2004-2013 թվականներին ղեկավարել է Գլխավոր դատախազությունը, հետո էլ մինչև 2018-ի հեղափոխությունը՝ չորս տարի Քննչական կոմիտեի նախագահն էր։ 2018-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը, Հովսեփյանն ասել էր, թե աշխատելու է նոր իշխանության հետ, բայց երկու ամիս անց նա հրաժարական ներկայացրեց։

XS
SM
MD
LG