Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող Լոս Անջելեսի առանձնատունը, եթե նույնիսկ բռնագանձվի ամերիկյան իշխանությունների կողմից, ապա դրա արժեքը կազմող գումարը Հայաստանին չի կարող փոխանցվել, ասում է իրավաբան Արմեն Սաքապետոյանը։
Պատճառն, ըստ մասնագետի, այն է, որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ չունի փողերի լվացման դեմ պայքարի համաձայնագիր, որով կնախատեսվեր ապօրինի որակված գումարի փոխանցումը։
«Կարծում եմ, եթե հանենք, որ դիտավորությամբ չեն արել, ապա առնվազն ճիշտ չեն գնահատել քրեական գործի հետևանքը կամ քրեական գործի հետագա ճակատագրերի հարցի լուծումը, որովհետև հեչ պարտադիր չի կամ հեչ էական չի սովորական քաղաքացու համար, որ եղավ դատական ակտ և ինչ-որ մեկը դատապարտվեց: Եթե խոսում ենք ֆինանսական բնույթի հանցագործությունների մասին, ամերիկյան դատարանը կարող է կայացնել միայն հօգուտ Ամերիկայի գումարը կամ գույքը բռնագանձելու որոշում, որովհետև նմանատիպ հարցերը կարգավորվում են միջպետական համաձայնագրերով, երկու երկրների միջև կնքվող համաձայնագրերով այդ կոռուպցիոն կամ փողերի լվացման հետևանքով ձեռք բերվող գույքի վերադարձի մասնավորապես», - ասաց իրավաբանը:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Կալիֆորնիայի դաշնային կառավարությունը նախաձեռնել է Խաչատրյանների ընտանիքին պատկանող շքեղ առանձնատան բռնագանձումը։ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ գույքը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ստացված եկամուտներով»։
Պետական եկամուտների կոմիտեն, ինչպես նաև Ֆինանսների նախարարությունը տարիներ շարունակ ղեկավարած Գագիկ Խաչատրյանի ընտանիքն առանձնատունը 2011 թվականին ձեռք է բերել ավելի քան 14 միլիոն դոլարով, իսկ հետո այն վաճառքի հանել չորս անգամ ավելի՝ 63,5 միլիոն դոլարով։ Ամերիկյան պաշտոնական հաղորդագրությունը Խաչատրյանին ներկայացնում է որպես նախկին սուպեր նախարար, որը թավշյա հեղափոխությունից հետո որդիների հետ անցնում է կոռուպցիոն հանցագործություններով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն մեղադրանք է առաջադրվելԱռանձնատան գործը ամերիկյան իշխանություններին է ներկայացրել Հայաստանի դատախազությունը, որը մեղադրում է Գագիկ Խաչատրյանին գործարար Սեդրակ Առուստամյանից 20 միլիոն դոլար կաշառք ստանալու և այդ գումարով լոս-անջելեսյան հսկա առանձնատունը ձեռք բերելու համար։
Դեռ նախաքննության շրջանում Խաչատրյանների պաշտպանը հերքել էր մեղադրանքը, թե Առուստամյանը գումարը փոխանցել է իր բիզնեսին չխոչընդոտելու համար։ Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի՝ Սեդրակ Առուստամյանը, պարզապես, տոկոսով փող է տվել Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ արտերկրում գույք ձեռք բերելու համար։
«Էս ամբողջը բիզնեսգործունեություն էր, որի հետ կապված ասում են՝ «էս փաստերը կան, բայց քանի որ գագիկ Խաչատրյանը եղել է ՊԵԿ նախագահ, հետևաբար սա հովանավորչության համար կաշառք է»: Հիմա հարց՝ ինչի՞, ինչի՞ց վերցրեցիք, դե ենթադրում են», - ասաց Սարգսյանը:
Չնայած ԱՄՆ-ի հետ գումարի վերադարձի համար անհրաժեշտ համաձայնագրի բացակայությանը, Հայաստանի Գլխավոր դատախազությունը փոխանցում է, որ աշխատում են ապօրինի ձեռեքբերված գումարներն արտերկրից վերադարձնելու ուղղությամբ, սակայն ինչ տեսքով դա կլինի, պարզ չէ։
2018-ի հեղափոխությունից ամիսներ անց Հայաստանի կառավարությունը դիմել էր Համաշխարհային բանկին` Հայաստանից դուրս բերված հանրային միջոցների վերադարձի գործընթաց սկսելու համար։ Անգամ նշվել էր 2004-ից 2017 թվականներին Հայաստանից ապօրինի դուրս բերված գումարի մոտավոր չափը՝ 6-ից 14 միլիարդ դոլար։ Այդուհանդերձ, շուրջ չորս տարի անց էլ պարզ չէ՝ ինչո՞ւ չի ընդունվել օրինագիծը, որը հնարավորություն կտար իրականացնել արտերկրից ապօրինի գումարների վերադարձը։
Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այժմ քննարկում են նախագծի վերաբերյալ միջազգային փորձագետների կարծիքները։