Մատչելիության հղումներ

Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվեցին. ԼՀԿ-ն չքվեարկեց


73 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու մասին նախագծերի փաթեթը:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց: Անընդունելի համարեցին նման կարևորություն ու ծավալ ունեցող հարցը արտահերթ և 24-ժամյա ռեժիմով քննարկելը։ Խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը նկատեց. - «Օրենքը բավականին ծավալուն է, և մեր դիրքորոշումը կհայտնենք վաղը հանձնաժողովի նիստից հետո»:

Նախագծի վերջնական ընդունման դեպքում այլևս արդյունահանման թույլտվություններ չեն տրամադրվի խորհրդային տարիներին իրականացված ուսումնասիրությունների հիման վրա: Ըստ փոփոխությունների` հանքավայրի պաշարները ուսումնասիրված ու հաստատված պետք է լինեն մետաղական հանքերի դեպքում՝ վերջին 5 տարվա ընթացքում, ոչ մետաղականի դեպքում` վերջին 10 տարվա ընթացքում:

Հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը սա վերջին մի քանի տասնամյակում արված ամենալուրջ փոփոխությունը որակեց. - «Լիազոր մարմինը այս 30 տարիների ընթացքում տվել է բազմաթիվ արդյունահանման իրավունքներ, որոնք հիմնված են դեռևս խորհրդային տարիների ուսումնասիրությունների տվյալների վրա, այսինքն` 30-ական, 40-ական տվյալների ուսումնասիրությունների, այնինչ այս ոլորտը փոփոխական է, և ամեն տարի այդ պաշարների, հաշվարկի ուսումնասիրությունների տվյալները փոխվում են: Մենք այսուհետ արդյունահանման իրավունք կտրամադրենք ավելի թարմ, արդիական տվյալների վրա: Նախ իրենք ուսումնասիրություն կիրականացնեն, հետո պաշարների հաստատում համապատասան ընդերքաբանական փորձաքննությամբ և արդեն արդյունահանման նախագծով ավելի համապատասխանող իրականությանը կդիմեն լիազոր մարմին»:

Մի շարք փոփոխություններ են նախատեսվում նաև փորձաքննական, ընդերքաբանական գործընթացներում: Յուրաքանչյուր օգտակար հանածոյի համար առանձին հրահանգներ են մշակվելու. - «Գործում են դեռևս խորհրդային տարիների այսպես ասած` ռուսական ինստրուկցիաներով, կազգայնացվեն, կադապտացվեն»:

Նախագիծը փոփոխություններ է ենթադրում նաև ժամկետների առումով։ 50 տարվա ընդերքօգտագործման իրավունք տրամադրելը ողջամիտ չէ, հայտարարեց հիմնական զեկուցողը: Իրենք առաջարկում են 25 տարի մետաղական հանքերի համար,15 տարի ոչ մետաղականների համար: Երկու դեպքում էլ կգործի երկարաձգման հնարավորությունը:

Փոփոխության հետ կապված վերապահումներ ուներ «Լուսավոր Հայաստանից» Գուրգեն Բաղդասարյանը: Ասաց՝ հաշվի չեն առնվել ներդրողների շահերը. - «Սովորաբար նման դեպքերում ի՞նչ է ի հայտ գալիս, ի հայտ է գալիս քաղաքականությունը, այսինքն` մարդիկ` ներդրողներն անընդհատ կախվածություն են ունենում վերևների հետ ստիպված, որ իրենց հետագա թույլտվությունն ստանան և գործունեությունն էլ շարունակեն: Այս 15 տարին լուրջ ռիսկեր է պարունակում, և ասեմ, որ այս մասով արդեն ահազանգեր ենք ստացել»:

Մտահոգություններ ունեին ոչ միայն ընդդիմադիր, այլ նաև իշխանական խմբակցության պատգամավորները: «Իմ քայլից» Մերի Գալստյանն ասաց՝ միանշանակ է, որ սրանք բարեփոխմանը միտված քայլեր են, բայցև նախագծում շատ հակասություններ կան, չբացառեց, որ դրանք նաև շտապողականության արդյունք են. - «Եթե պաշարը, ենթադրենք, հաստատվում է 75 տարով, 50 տարով, և թույլտվությունը տրամադրվում է 25 տարով, միգուցե տնտեսվարողը չի ցանկանում երկարաձգել արդյունահանման թույլտվությունը, և այսպես կիսատ-պռատ օգտագործված տեղամաս ենք ունենալու արդյունահանման: Սա այնպիսի հարց է, որ շատ կարևոր է, որ մենք ունենանք ռազմավարություն, քաղաքականություն, այս գլոբալ հարցերին քաղաքականությունը, ռազմավարությունը պատասխանի, որից էլ կբխեն օրենսդրական փոփոխությունները»:

Հրատապության վերաբերյալ քննադատություններին ի պատասխան փոխնախարարը պատասխանեց՝ գործադիրում մի շարք գործընթացներ կան, որոնց շարունակականության համար անհրաժեշտ է փաթեթի ճակատագիրը հստակեցնել։ Բացատրությունը ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանին չբավարարեց, հավելեց, թե ավելի քան 50 էջանոց փաստաթուղթը ստացել են միայն երեկ երեկոյան և այսօր արդեն պետք է քվեարկեն 24-ժամյա ռեժիմով. - «Այդուհանդերձ, կարիք կա դրանց ազդեցության գնահատման, ինչու հենց 15-10, դա ի՞նչ ազդեցություն կունենա, ի՞նչ հետևանքներ, ներդրումների, դրանց հետգնման»:

«Հօգուտ նաև տնտեսվարողների մենք պետք է այդ փաթեթը հնարավորինս շուտ ընդունենք, և եթե ասում է սեպտեմբերին, իհարկե մենք 3 ամիս շուտ, առանց այդ էլ հիմա հետաձգվում է իրենց փաթեթների տրամադրումը, 3 ամիս շուտ կարող են սկսել իրենց աշխատանքները համապատասխան, իրենց շահերից է բխում, ու հրատապությունը մի շարք դրույթներով պայմանավորված է հենց դրանով», - ասաց փոխնախարար Շուշանյանը:

Արտահերթ ընթացակարգով հրավիրված նիստի օրակարգային մյուս հարցերի հրատապությունը ևս պատգամավորներից շատերի համար ընդունելի չէր. վարման կարգով հարցը բարձրաձայնեց «Լուսավորից» Գևորգ Գորգիսյանը. - «Ձեր խմբակցության մի մասը գիտենք, որ վարակակիր է կորոնավիրուսի, մյուս մասը կոնտակտավոր է ու այդպես էլ 14 օր ոնց որ չեն մեկուսացել, ինքնամեկուսացել` ըստ պարետի որոշման: Հիմա բոլորով հավաքվել ենք այստեղ` քնարկելու նախագծեր, որոնց հրատապությունն այդքան էլ հասկանալի չէ»:

«Բոլոր այն պատգամավորները, որոնք ցուցում ունեն ինքնամեկուսանալու, ինքնամեկուսացած են, և այն պատգամավորներն, ովքեր նախկինում, օրինակ` տիկին Պողոսյանը, եղել են կորոնավիրուսով հիվանդ, կոնկրետ տիկին Պողոսյանի դեպքում 16 օր է արդեն լրացել և բացասական թեստի պատասխաններով կազդուրված է, ինչի առթիվ բոլորիս էլ շնորհավորում ենք», - արձագանքեց ԱԺ նախագահը:

Նկատենք` Գագիկ Ծառուկյանին ԱԺ-ում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո ԲՀԿ խմբակցության պատգամավորները հայտարարել էին նիստերը բոյկոտելու մասին: Հունիսի 17-ի բոյկոտից հետո այսօր առաջին նիստն էր, որին մասնակցում էին նաև խմբակցության որոշ պատգամավորներ: Նրանք, սակայն, չպարզաբանեցին` ինչու որոշեցին ավարտել բոյկոտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG