Մատչելիության հղումներ

Կալիֆորնիայում Գագիկ Խաչատրյանի առանձնատան առգրավման գործընթաց է սկսվել


Գագիկ Խաչատրյան, արխիվ
Գագիկ Խաչատրյան, արխիվ

Կալիֆորնիայի դաշնային կառավարությունը սկսել է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող հսկայական առանձնատան բռնագանձման գործընթացը։

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ շքեղ անշարժ գույքը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ստացված եկամուտներով»։

Խաչատրյաններին պատկանող գույքը գտնվում է Հոլմբի Հիլզում, առանձնատան տարածքը ավելի քան 3 հազար քառակուսի մետր է։

Ըստ ամերիկյան պաշտոնական աղբյուրների՝ առանձնատունը 2011 թվականին 14,4 միլիոն դոլարով ձեռք է բերվել Գագիկ Խաչատրյանի և նրա երկու որդիների անունից, այժմ այն վաճառվում է 63,5 միլիոն դոլարով։

66-ամյա նախկին նախարարը մեղադրյալ է հեղափոխությունից հետո հարուցված խոշորագույն կոռուպցիոն գործերից մեկով, որը 9 տարբեր դրվագներ է պարունակում։ Ըստ մեղադրող կողմի, պետությանը Խաչատրյանի պատճառած վնասի և ստացած կաշառքի ընդհանուր գումարը կազմում է 41 միլիոն դոլար։ Կոռուպցիոն քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև նրա երկու որդիներն ու երկու եղբորորդիները։ Որդիներն ու եղբորորդիներից մեկը հետախուզման մեջ են։

XS
SM
MD
LG