Հետախուզում է հայտարարվել Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ, քանի որ նա թաքնվում է քննությունից, հայտարարում է Ազգային անվտանգության ծառայությունը` հավելելով՝ միջոցներ են ձեռնարկվում փախուստի դիմած մեղադրյալին հայտնաբերելու ու պատասխանատվության կանչելու ուղղությամբ։
Երեկ դատարանը Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն նա չէր ներկայացել իրավապահներին: Արդյո՞ք «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը լքել է երկիրը, թե՞ ոչ, նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հրաժարվում է մեկնաբանել։ Իսկ թե ինչո՞ւ է թաքնվում իրավապահներից, ինքը` Խաչատրյանը, երեկ տարածված հայտարարության մեջ էր հիմնավորել, թե պատճառն իր նկատմամբ իրականացվող անօրինական ու ուղղորդված գործողություններն են. «Արձանագրելով այս գործընթացների խիստ անօրինականությունը, քննչական մարմնի և դատարանների որոշումների ուղղորդված լինելը` նպատակահարմար չեմ գտնում ներգրավվել այդ պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել՝ ինքս էլ նպաստելով այդ անօրինականությունների զարգացմանը»։
Ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ ծավալուն հաղորդագրություն է հրապարակել Խաչատրյանների ընտանիքին վերաբերող քրեական գործի վերաբերյալ՝ ներկայացնելով որոշ մանրամասներ։ Ըստ ԱԱԾ-ի՝ Խաչատրյանի որդիներն ու ազգականը, նրա զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված, հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով հիմնադրել են առևտրային կազմակերպություն։ Իսկ ինքը` Գագիկ Խաչատրյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, աջակցել է այդ կազմակերպություններին.- «Օգտվելով պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ պաշտոնյայի հետ փոխկապակցված կազմակերպության ծառայողները ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ 2008-2020 թվականների ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր, ըստ որոնց ընկերությանը փոխանցվել են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ»:
Խաչատրյանները, ըստ ԱԱԾ-ի, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, պետությունից ավելի քան 1,5 միլիարդ դրամի չափով հափշտակություն են իրականացրել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու հետևանքով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները տարբեր եղանակներով ու այլ անձանց անուններով փոխակերպվել են կանխիկ դրամական միջոցների, որոնք փաստացի տնօրինվել են Խաչատրյանների ընտանիքի ու նրանց ազգականի կողմից, այդ թվում՝ երրորդ անձի միջոցով մուտքագրվել են «Յուքոմ» ընկերություն:
Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով՝ իր պաշտպանյալը, որը մեղադրվում է փողերի լվացման և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու համար, պատրաստ է ներկայանալ իրավապահներին, եթե գործողությունները վերադառնան օրինականության դաշտ։
«Գուրգեն Խաչատրյանը երբեք չի խուսափել վարույթ իրականացնող մարմնից, մշտապես երբ կանչել են, ներկայացել է, ինչ փաստաթուղթ ուզել են, ներկայացվել է, նույնիսկ գտնվելով արտերկրում, իմանալով այս խնդիրները, թե ինչ է տեղի ունենում ընտանիքի հետ կապված, կրկին ներկայացել է` հույս ունենալով, որ ամեն ինչ կլինի օրինական դաշտում»:
Գուրգեն Խաչատրյանը, որը «Յուքոմի» հիմնական սեփականատերերից է, երեկվա հայտարարության մեջ իր և ընտանիքի անդամներին առնչվող քրեական գործը «պետության կողմից ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն» է որակել։ Ավելի վաղ էլ նա հայտարարել էր, թե բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել վաճառել «Յուքոմը»։ Խաչատրյանը, սակայն, չէր նշել, թե մասնավորապես ովքեր են իր առջև նման պահանջ դրել։ Այս հայտարարությանն արձագանքել էր վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ՊԵԿ նախկին նախագահի ընտանիքն ամենատարբեր առիթներով հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն է հայտնել վերադարձնել թալանածն ու վերականգնել պետությանը պատճառված վնասը: Ըստ Երեմ Սարգսյանի` նույն քրեական գործով վկայի կարգավիճակով ԱԱԾ են հրավիրվել նաև Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը, նրանք ցուցմունք չեն տվել։
Երկու օր առաջ էլ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել «Յուքոմի» նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում, մեքենայում ու «Յուքոմում»։ Սակայն Երեմ Սարգսյանի փոխանցմամբ՝ գործում Արա Խաչատրյանը որևէ կարգավիճակ չունի։
ԱԱԾ-ն ավելի վաղ խուզարկել էր նաև Գուրգեն Խաչատրյանի տունը։ Փաստաբանները մեկ անգամ չէ, որ ասել են՝ Խաչատրյաններին ընտանիքին առնչվող քրեական գործով նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն է անցնում: Վերջինս ապրիլի 25-ին 2 ամսով կալանավորվել էր՝ կաշառք տալու և փողերի լվացման մեղադրանքով։ Սեդրակ Առուստամյանի մեղադրանքը 2011 թվականին կատարված գործողությունների մասին է։
ԱԱԾ-ն առանց անուններ նշելու ավելի վաղ հայտարարել էր, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը ՊԵԿ նախագահին, այնուհետև ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22 միլիոն 401 հազար դոլարի կաշառք:
Պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար մեղադրվող Գուրգեն Խաչատրյանի հայրը՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այժմ կալանավորված է։