Պատժիչ գործիք. ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկվածներին վարժական հավաքների ուղարկելու իշխանության մտադրությունը այսպես է բնութագրում վերջերս նման հավաքի մասնակցած պահեստազորի սպա Արմեն Վարդանյանը։
«Ընդդիմադիրներին պատժելու նոր ձև է, նախկին իշխանությունները հարկային կամ այլ տեռորի էին ենթարկում ցույցի մասնակիցներին, հիմա էլ նոր պատժամիջոց է դուրս եկել` առաջարկվում է, որ ովքեր մասնակցել են բողոքի ցույցերին, նրանց տանեն եռամսյա հավաքներին», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:
Երեկ խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր Պաշտպանության նախարարության և ոստիկանության ներկայացուցիչների հետ քննարկել այս հարցը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ենթադրել էր, որ ընդդիմության նախաձեռնած ակցիաների մասնակից երիտասարդները եռամսյա հավաքներից և զինծառայությունից խուսափածներ են: Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը ողջունել էր իշխանական պատգամավորի առաջարկը, հայտնել, որ անցած ամիս մեկնարկել է պահեստազորի հերթական եռամսյա հավաքը։ Փոխոստիկանապետն էլ ասել էր, թե բերման ենթարկվածների ցուցակը կուղարկեն Պաշտպանության նախարարություն։ Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ցուցակները դեռ չեն ուղարկել ռազմական գերատեսչություն։
«Դու որոշ չափով արդեն ճանաչում ես քո ընկերներին, նրանց կարողություններն ես իմանում, նաև կան որոշ մասնագիտություններ, որոնք թարմացնելու կարիք ունեն իրենց գիտելիքները, օրինակ` կապի կամ հրետանու դասակներում ծառայած մարդիկ, որ 15-20 տարի առաջ են ծառայել, լիքը բան է փոխվել` այն ժամանակվա կապի միջոցներն այլ էին, հիմա լրիվ այլ է», - ասաց եռամսյա վարժական հավաքներից մի քանի ամիս առաջ վերադարձած 39-ամյա Արմեն Վարդանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ակցիաներից բերման ենթարկված քաղաքացիներին ուղարկել սահմանՆրա խոսքով` այդ հավաքները զինվորական ծառայության ժամանակ սովորած վերհիշելու, նոր մեթոդների տիրապետելու մեծ հնարավորություն է, և իշխանությունները չպետք է դրանք ստվերեն նման քայլերով՝ քաղաքական հակառակորդներին պատժելով. «Հայրենիքի պաշտպանությունը բոլորի պարտականությունն է, զորահավաքներին մասնակցելը բոլորի պարտականությունն է, ու չպետք է այստեղ ընդդիմություն-իշխանություն տարանջատում անեն. ովքեր ցույցերին մասնակցում են, նրանց ուղարկեն, ովքեր էլ որ իշխանամետ են, նրանց չուղարկեն»:
Իրավապաշտպանը ևս խնդիր է տեսնում
Երկար տարիներ զինվորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արմինե Սադիկյանը իշխանական պատգամավորի առաջարկը բանակը քաղաքականացնելու և հեղինակազրկելու փորձ է համարում. «Եթե դու` որպես ցույցի մասնակից ես դիտարկում Զինված ուժերի պաշտպանությանը մասնակցելու համար, դու այստեղ դիտարկում ես նաև Զինված ուժերը որպես մի վայր, որտեղ կարելի է «կարգազանցներին» պատժել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պահեստազորի եռամսյա հավաքի մասնակիցը պատմում է վատ կահավորված դիրքերի մասինԻրավապաշտպանը նկարագրում է գործընթացը՝ այն պլանավորվում է նախապես, կազմվում է պահանջվող մասնագիտությունների ցանկը, ընտրվում են երիտասարդները, անցնում բժշկական ստուգում, ինչից հետո միայն որոշվում է՝ տանել հավաքի, թե՝ ոչ։ Եվ անտրամաբանական ու ապօրինի է պահեստազորայինի վարժական հավաքների համար նախապես հաստատված ցանկերում ներառել նոր մարդկանց։
«Այդ տվյալները բոլոր զինապարտ քաղաքացիների ու նրանց, ովքեր ներառված են պահեստազորում և հաշվառված են որպես վարժական հավաքների կանչվելուն ենթակա անձինք, արդեն իսկ ներառված են և առկա են զինվորական կոմիսարիատներում: Այստեղ կարիք չկա ուժայիններին հորդորելուց հետո տվյալները փոխանցել, իհարկե այստեղ ապօրինություն ևս», - նշեց Արմինե Սադիկյանը:
Եռամսյա հավաքները Հայաստանում մեկնարկել են ինը ամիս առաջ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո նման հավաքներ նախաձեռնելով՝ իշխանությունները նպատակ ունեին բարձրացնել պահեստազորայինների ներուժը։ Պաշտպանության նախարարությունը չի հայտնում, թե մինչ օրս քանի հոգի է մասնակցել այդ հավաքներին։