Մատչելիության հղումներ

Վարժական հավաքների, զորավարժությունների ներգրավելիս օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները․ Պաշտպանն առաջարկներ կներկայացնի


Օմբուդսմենը բացթողումներ է տեսնում զորավարությունների մասին օրենքում և կոչ է անում վերանայել մասնակից անձանց շրջանակն ու նրանց համար նախատեսված բացառությունները։

Ըստ Թաթոյանի, մասնավորապես, գործող կարգը «գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները, ի տարբերություն պարտադիր զինծառայության մասին օրենքի, որով նախատեսված են բազմաթիվ հիմքեր՝ ընտանեկան պայմաններից ելնելով զորակոչից տարկետում տրամադրելու և ծառայությունից ազատելու համար»։

Պնդելով, թե այս հարցում օրենքի դրույթները խիստ են, և կարիք ունեն փոփոխությունների, օմբուդսմենը պատրաստվում է առաջարկներ ներկայացնել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ։

Օգոստոսի 25-ից Երևանում ու մարզերում մեկնարկել են պահեստազորի վարժական եռամսյա հավաքները ու կտևեն մինչև նոյեմբերի 25-ը։ Հավաքներին ներգրավվելու է 2 հազար169 քաղաքացի 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։

Հավաքներին մասնակցելու են մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններ ունեցող պահեստազորայինները։ Ըստ անհրաժեշտության, պահեստազորայինները կներգրավվեն մարտական հերթապահության։

XS
SM
MD
LG