Մատչելիության հղումներ

Պահեստազորայինները մեկնեցին եռամսյա հավաքի, չնայած սոցիալական, ֆինանսական մի շարք հարցեր դեռ անպատասխան են


Զինկոմիսարիատներում ծնողների զգացմունքները կրկին իրար են խառնվել` հերթական անգամ տղաներին բանակ են ճանապարհում, այս անգամ՝ եռամսյա վարժական հավաքների։

«Բոլոր ծնողներն էլ անհանգիստ կլինեն, բնական է, ես բան չունեմ ասելու, ուղղակի կինն ու երեխան մնում են մենակ», - ասում է ծնողներից մեկը:

Պահեստազորայիններից շատերը տան միակ աշխատողն են կամ էլ եկամտի հիմնական ապահովողը. «Ցանկացած ընտանիքում եթե աշխատող անձը բացակայում է, ինքնըստինքյան ֆինանսական և հոգեբանական վիճակը խախտվում է: Պիտի այնքան հարուստ մարդ լինի, ընտանիքը, որ բացակայության ժամանակ չզգացվի»:

Վարժական հավաքներին մեկնող քաղաքացիներից շատերը չգիտեն էլ, թե պետությունը որքան է վարձատրելու իրենց։ 28-ամյա Տիրան Վարդանյանը հույսը չի կորցնում՝ երեք ամիսների ընթացքում գոնե աշխատանքը չկորցնի. «Բնականաբար, երեք ամիսը քիչ չի, բայց ամեն դեպքում հուսանք` գործատուն կպահի աշխատողներին»:

Տիրանի կինը` Արմինեն էլ է անորոշ մտածմունքի մեջ, ամուսնու աշխատանքը կպահպանեն, թե ոչ, չնայած գիտեն` օրենքով գործատուն պարտավոր է: Վստահ է` հեշտ չի լինելու, ամուսինը տնից այդքան հեռու, և պարզ չէ, թե որքան աշխատավարձ կստանա, ու արդյոք այն կբավարարի իրենց. «Չնայած վճարումներն էլ ոնց որ մինիմալ են, բայց պետք է ստիպված համակերպվենք»:

3 ամիսների ընթացքում պահեստազորայինները կվարձատրվեն՝ ըստ նշանակված զինվորական պաշտոնի՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից. «Դասակի հրամանատարը 179 հազար 901 դրույթ, պայմանագրային շարքային կազմի համար` 148 հազար 154 և գումարտակի հրամանատարների համար` 316 հազար 817 դրամ», - Զորակոչի և զորահավաքի համալրման ծառայության պետ Արմեն Աֆթանդիլյանը Հանրայինի եթերում պարզաբանել է` եթե պահեստազորայինները ներգրավվեն մարտական հերթապահության, ապա նրանց աշխատավարձը կբարձրանա 50 հազարից մինչև 70 հազար դրամ։

Իսկ ի՞նչ անեն այն պահեստազորայինները, որոնց աշխատավարձը զինվորական աշխատավարձից մի քանի անգամ բարձր է և վարկեր ունեն, նախարարությունում հարցին դեռ պատասխան չունեն։ Ընդունում են՝ բացթողում կա. «Հարցը մենք կքննարկենք, կզեկուցենք վերադաս հրամանատարությանը, կփորձենք դիմել կառավարությանը, որպեսզի լուծման ուղիներ գտնենք», - ասել է Աֆթանդիլյանը:

Դեռ շատ հարցեր անպատասխան են մնում` ի՞նչ պետք է անի այն ծնողը, որի միակ որդին մեկնում է վարժական հավաքի, իսկ ինքը հիվանդությունների պատճառով խնամակալի կարիք ունի, կամ նույն գործատուն, որ սեփական բիզնեսը 3 ամիս թողնել չի կարող։ Պահեստազորայիններից շատերը կամ նրանց ծնողներն այս հարցերի մասին առայժմ խուսափում են բարձրաձայնել տեսախցիկի առաջ։ Որոշ քաղաքացիներ էլ խնդրի մասին սոցիալական ցանցերում են բարձրաձայնում. «Մեծ պայմանագիր կնքես և վերադառնաս Հայաստան թիմի մեծացման նպատակով ու զանգեն կանչեն 3 ամսով զորահավաքի որպես սպա, մարտկոցի հրամանատար տանեն նենց զորամաս որտեղ էտ պաշտոնը չկա տեղում նշանակեն մինամյոտի վրա․․․ մի քանի օրից էլ հաստատ կուղարկեն առաջնագիծ սրանից լավ ապագա ? ու ինչնա լինելու ցանկացած գործարարի գառանտը որ ցանկացած վարկյանի պետության կողմից սենց ամոթալի ապտակ չի ստանալու»:

Պահեստազորայիններից շատերը 44-օրյա պատերազմի մասնակից են, տեսել ու արձանագրել են պատերազմական իրավիճակում ստեղծված խնդիրները։ Համոզված են` վարժական հավաքները կօգնեն կարգավորել դրանք. «Լավ կլիներ, որ գնացող անձնակազմն իմանար տեղանքի առաձնահատկությունները, տեղանքի չիմացությունն էլ է խնդիր առաջացնում», - ասում է Սարգիս Թադևոսյանը:

Հայաստանում առաջին անգամ անցկացվող եռամսյա վարժական հավաքներին, ըստ կառավարության որոշման, ավելի քան 2 հազար քաղաքացի է մասնակցելու. նրանցից որոշներն այսօր, ի դեպ, ուղարկվեցին տուն։ Զինկոմիսարիատներում հստակ չէին նշել՝ ինչու, միայն զգուշացրել էին՝ նորից կկանչեն։

«Կանչեցին, ասացին` հետո վաղը կամ մյուսը օրը էլի զանգ կտան», - ասում է ներկաներից մեկը:

Պաշտպանության նախարարությունից դեռ չեն պարզաբանում՝ ինչու են հետ ուղարկել որոշ պահեստազորայինների։ Հաջորդ եռամսյա վարժական հավաքը Պաշտպանության նախարարությունը նախատեսում է անցկացնել արդեն սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Ռազմական գերատեսչությունից մի քանի անգամ հայտարարել են՝ դրանք շարունակական են լինելու, բոլոր պահեստազորայիններն են մասնակցելու։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG