Հայաստանում ապրիլի 15-ից հունիսի 15-ը անցկացվի պահեստազորայինների վարժական հավաքների նոր փուլ։ Այսօր չզեկուցվող հարցերի շարքում այս մասին որոշում ընդունեց կառավարությունը։
Հավաքին կմասնակցեն «պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններ», հավաքները կտևեն 2 ամիս։ Կներգրավվեն մինչև 724 քաղաքացիներ, որոնցից 566-ը`կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ, որոնց մասնագիտությունները կլինեն մոտոհրաձգային, հրթիռահրետանային, հետախուզական, ինժեներական և տեխնիկական։
Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ նպատակը մասնակիցների ռազմական ունակությունների կատարելագործում է, մասնագիտական վերապատրաստումը և այլն։
Սա նման վարժական հավաքների արդեն 3-րդ փուլն է, անցյալ տարի անցկացվել է երկու եռամսյա հավաք՝ օգոստոսից նոյեմբեր և սեպտեմբերից դեկտեմբեր։
Ըստ պաշտպանության նախարարության, հավաքներին մասնակցելու ընթացքում պահեստազորայինները համարվում են զինծառայողներ, ստանում են աշխատավարձ՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Պահեստազորայինները կպահպանեն նաև իրենց աշխատանքը։ Զորակոչի և զորահավաքի համալրման ծառայության պետը հիշեցնում է՝ դա օրենքի պահանջն է։