Պաշտոնական Կիևը հաստատում է՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում ստեղծված կացությունը մոտ է օրհասականին։
Նախօրեին Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն հայտարարեց, որ կապը քաղաքի պաշտպանների հետ խզվել է։ Նրա այս հայտարարությունից մի քանի ժամ անց սակայն, կեսգիշերին մոտ «Ազովստալ» գործարանի տարածքում դիրքավորված ուկրաինացի զինվորականներին, այնուամենայնիվ, հաջողվեց կապ հաստատել կենտրոնական իշխանությունների հետ՝ հաստատելով, որ իրադրությունը Մարիուպոլի` իրենց վերահսկողության տակ մնացող վերջին հատվածում չափազանց ծանր է։
«Արդեն երկրորդ օրն է, ինչ հակառակորդը ներխուժել է գործարանի տարածք։ Ծանր, արյունալի մարտեր են ընթանում։ Իրադրությունը շատ բարդ է, բայց չնայած այդ ամենին, մենք շարունակելու ենք կատարել պաշտպանվելու՝ մեզ տրված հրամանը», - հայտարարում էր «Ազովստալ» գործարանի տարածքում գտնվող ստորաբաժանման հրամանատար փոխգնդապետ Դենիս Պրոկոպենկոն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գիշերը Ուկրաինայի բոլոր քաղաքներում օդային տագնապ է հայտարարվելՄոսկվայում, սակայն, այս պնդումները հերքում են։ «Ազովստալ» գործարանը չգրոհելու նախագահ Պուտինի հրամանը շարունակում է մնալ ուժի մեջ», - այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Գլխավոր հրամանատարը, նախագահը հրապարակայնորեն հրամայել էր ձեռնպահ մնալ գրոհից։ Այս հարցում որևէ այլ հրաման գլխավոր հրամանատարը չի հնչեցրել», - նշել է Կրեմլի խոսնակը։
Ռուսական կողմի վերջին օրերի հայտարարություններից և գործողություններից, սակայն, տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվայում Մարիուպոլի գործողությունն արդեն գրեթե ավարտված են համարում։ Երեկ քաղաքի հանդեպ լիակատար վերահսկողություն սահմանելու մասին հայտարարեց Ռուսաստանի ՊՆ Սերգեյ Շոյգուն։ Դրան զուգահեռ քաղաք ժամանեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ներքին քաղաքականության համակարգող Սերգեյ Կիրիենկոն։ Ուշագրավ էր, որ Մարիուպոլում Կիրիենկոն կրկին բարձրաձայնում էր Ուկրաինայի, այսպես կոչված, դենացիֆիկացման փոքր-ինչ մոռացված թեզը։
«Հաղթանակի դրոշը դարձել է ֆաշիզմի և նացիզմի դեմ պայքարի խորհրդանիշը, որովհետև Ռուսաստանի համար նացիզմից զերծ աշխարհը դարձել է նպատակ և առաքելություն», - հայտարարում էր Կիրիենկոն, պնդելով, որ ռուսաստանցի զինվորականները այսօր Ուկրաինայում «ավարտում են իրենց պապերի սկսած գործը»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որի աշխատակազմն ավելի վաղ խոստովանել էր, որ կես միլիոն բնակչություն ունեցող քաղաքին ռազմական օգնություն ցուցաբերելն անհնարին է, այժմ փորձում է դիվանագիտական միջոցներով հասնել մարիուպոլյան ճգնաժամի հանգուցալուծմանը։
«Այսօր զրուցել եմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Անդրադարձել ենք այն ամենին, ինչ արդեն իսկ արվել է և դեռ պետք է արվի Մարիուպոլի բնակիչներին և պաշտպաններին փրկելու համար», - ներկայացրել է Զելենսկին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ազովստալ»-ից խաղաղ բնակիչների տարհանումը շարունակվում էՆախորդ օրերին ՄԱԿ-ի ջանքերով Մարիուպոլից ավելի քան 300 խաղաղ բնակիչ էր տարհանվել։ Նրանցից 150-ը շաբաթներ շարունակ գտնվում էին «Ազովստալ» գործարանի ապաստարաններում։
Լայնածավալ ռազմական գործողությունները, սակայն, շարունակվում են ոչ միան Մարիուպոլի հատվածում։ Երեկ երեկոյան և անցած գիշեր ռուսական զորքերը շարունակում էին հարվածներ հասցնել Ուկրաինայի ողջ տարածքով։
Դոնբասում ծավալվող ռուսական հարձակման գլխավոր թիրախներից մեկին՝ Կրամատորսկ քաղաքին հասցված հարվածի հետևանքով, ըստ տեղական իշխանություններին, առնվազն 25 խաղաղ բնակիչ էր վիրավորվել։ Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական հեռահար հրթիռների հարվածները վնասել են նաև Դնեպր գետի վրա կառուցված 13 երկաթուղային կամուրջներից մեկը։ Ռուսական կողմը հաղորդում է վերջին 24 ժամերին խոցված մի շարք այլ թիրախների մասին։
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ոչնչացրել են՝ Կիրովոգրադի մերձակայքում գտնվող «Կանատովո» ռազմական օդանավակայանում կայանված ավիացիոն տեխնիկան, Նիկոլաևի մերձակայքում էլ մեկ զինապահեստ և ուկրաինական բանակի ռազմական տեխնիկայի համար նախատեսված վառելիքի մեկ պահեստ», - այսօր հայտարարում էր Ռուսաստանի ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։
Ռուսական հարվածների հիմնական նպատակներից մեկը ուկրաինական զորքերին՝ արևմտյան սպառազինությունից զրկելն է՝ մատակարարումների խափանման կամ այդ սպառազինության պահման վայրերը ոչնչացնելու միոցով։ Դա է թերևս պատճառը, որ պաշտոնական Կիևը կրկին հայտարարում է՝ Ուկրաինա մատակարարվող արևմտյան սպառազինության քանակը բավարար չէ։
«Ինձ մոտ այն տպավորությունը չի ստեղծվում, որ Ուկրաինային զենք մատակարարելու հարցում ՆԱՏՕ-ն որպես դաշինք է գործում։ Մենք տեսնում ենք, որ մեզ զենք են մատակարարում դաշինքի որոշ անդամներ միայն։ Ըստ էության, ՆԱՏՕ-ն ընդունել է, որ ռուսական ներխուժմանը հակազդելու հարցում այն չի կարող որպես դաշինք գործել։ Այս առումով դաշինքի անդամներից առավել վճռորոշ է Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների, Լեհաստանի և Թուրքիայի դերակատարությունը», -AP գործակալությանը տված հարցազրույցում այսօր նշում էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։