Ռուսաստանի հարցում Կիևի և Թբիլիսիի միջև տարաձայնությունները գնալով թեժանում են։ Ռուսաստանի հետ պատերազմող Ուկրաինան շարունակում է մեղադրանքներ հնչեցնել Վրաստանի իշխանությունների հասցեին՝ Կիևի համար ցանկալի դիրքորոշում չորդեգրելու համար։
Ուկրաինական իշխանությունների համոզմամբ՝ Ռուսաստանի գործողությունները Թբիլիսիի կողմից չդատապարտելու պատճառը Բիձինա Իվանիշվիլին է, որը, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքով, «շատ հստակ ընդգծված ռուսամետ օլիգարխ» է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բիձինա Իվանիշվիլին՝ վրաց-ուկրաինական նոր սկանդալի գլխավոր հերոս«Վրացական իշխանությունը այս կամ այն կերպ կապված էր, կամ անուղղակիորեն կապված է պարոն Իվանիշվիլիի հետ, որն ակնհայտորեն ռուսամետ օլիգարխ է և, ցավոք, շատ երկար ժամանակ ազդեցություն ունի վրացական ներկայիս իշխանության վրա։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ Վրաստանը տարօրինակ ձևով է նայում ուկրաինական պատերազմին, չունի այն նույն հստակ դիրքորոշումը, ինչպիսին Եվրամիության երկրները, ԱՄՆ-ը և և մյուսներն ունեն», - հայտարարել է Պոդոլյակը։
Ուկրաինացի պաշտոնյան միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ Վրաստանի ժողովրդի դիրքորոշումը տարբերվում է կառավարության դիրքորոշումից, Պոդոլյակի կարծիքով՝ վրացիները պետք է մտածեն այդ հարցի շուրջ։
«Ռուսաստանի կողքին կանգնելն առնվազն տարօրինակ է թվում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի տարածքի մեկ երրորդն օկուպացված է», - «Ամերիկայի ձայն»-ի վրացական ծառայության հետ զրույցում ասել է ուկրաինացի պաշտոնյան։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի իշխանությունները բազմիցս են քննադատել Թբիլիսիին Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին չմիանալու համար, անգամ հորդորել են Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը պնդում է, որ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանն օգնում են Մոսկվային շրջանցել պատժամիջոցները«Պետք է պայքարել ձեր ազատության և տարածքային ամբողջականության համար, նայեք Ուկրաինային։ Մենք թանկ ենք վճարում մեր տղաների կյանքով, բայց Ուկրաինայում ոչ ոք նույնիսկ չի մտածում, որ Ռուսաստանին պետք է թույլ տալ ուզածն անել Եվրոպայում», - պնդել է Միխայիլ Պոդոլյակը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյան, այդուհանդերձ, չի պարզաբանել՝ ի՞նչ նկատի ունեն Ուկրաինայում, երբ հայտարարում են, թե Թբիլիսին Մոսկվայի կողքին է կանգնում, նա նաև չի ներկայացրել ապացույցներ առ այն, որ Վրաստանն օգնում է Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները, ինչի մասին Ուկրաինայի իշխանությունները շաբաթներ շարունակ մեղադրանքներ են հնչեցնում պաշտոնական Թբիլիսիի հասցեին՝ առանց որևէ փաստ վկայակոչելու։
Վրաստանի իշխող ուժը կոշտ է արձագանքում
Ուկրաինայից հնչող հերթական աղմկահարույց հայտարարություններին Վրաստանի իշխող ուժի կոշտ արձագանքը չուշացավ։ Կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն անգամ դիվանագիտական բառապաշարը շրջանցեց․ -
«Պոդոլյակի նման արարածները խայտառակություն են։ Խնդրում եմ՝ տեսեք, թե ով է նա, ինչ կյանքով էր ապրում և ինչ է իրենից ներկայացնում ոմն Պոդոլյակը»։
«Վրացական երազանք»-ի պատգամավոր Իրակլի Զարկուան էլ տարակուսած է՝ պատերազմող երկրում ժամանակ են գտնում Վրաստանին դասեր տալ։ «Պատերազմի մեջ են, բազմաթիվ մարդիկ են մահանում, բազմաթիվ մարտահրավերներ ունի Ուկրաինան, բայց նա ժամանակ է գտնում Վրաստանի համար, միջամտում ներքին գործերին, դասեր տալիս այն մասին, թե որը պետք է լինի ժողովրդի անելիքը, ով պետք է գա իշխանության», - ընդգծել է վրացի խորհրդարանականը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Վրաստանի պաշտոնական պատվիրակությունն այցելել է ՈւկրաինաՄինչդեռ վրացական ընդդիմության համար Ուկրաինայից հնչող մեղադրանքները միանգամայն հասկանալի են։ Եթե Վրաստանի իշխանությունները փաստաթուղթ հրապարակեին, որում ցույց կտային, թե ինչ բեռներ է Թբիլիսին արգելել ուղարկել դեպի Ռուսաստան, հարցեր չէին ծագի, հայտարարել է «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցությունը։
Ընդդիմադիր մեկ այլ ուժի՝ «Գիրչի»-ի առաջնորդ Յագո Խվիչիան հիշեցրել է, որ ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչները շատ ավելի կոշտ են արտահայտվում այլ երկրների հասցեին, սակայն դա չի խանգարում այդ երկրներին շարունակել օգնել Ուկրաինային։ «Մենք որպես օկուպացված երկիր պետք է ավելին անենք Ուկրաինայի պես պայքարող երկրի համար։ Մեզնից այլ դիրքորոշում են ակնկալում, այլ ոչ թե այն, որն ունի կառավարությունը», - նշել է Խվիչիան։
Ցանկության դեպքում Վրաստանը կարող էր Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել, կարծում է ռազմական գիտությունների դոկտոր, Կովկասյան միջազգային համալսարանի պրոֆեսոր Վախթանգ Մաիսիան։ Նա հիշեցրել է, որ Վրաստանը արտադրում է կործանիչներ, ինչը Ուկրաինային անչափ անհրաժեշտ է, ինչպես նաև սեփական արտադրության զրահամեքենաներ ունի։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու հարցում կարծիքները Վրաստանում կիսվում են
Մարտին NDI-ի պատվերով անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանի բնակչության 98 տոկոսը դրական վերաբերմունք ունի ուկրաինացի ժողովրդի նկատմամբ, իսկ 87 տոկոսը դրական է վերաբերվում Ուկրաինայի կառավարությանը։ Կարծիքները կիսվում են, սակայն, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու հարցում՝ հարցվածների 49 տոկոսը կողմ է, 37 տոկոսը՝ դեմ, 14 տոկոսն էլ չի կողմնորոշվել։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հենց հաջորդ օրը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին չի պլանավորում միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին՝ «հաշվի առնելով երկրի ազգային և ժողովրդի շահերը»։
Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ Ռուսաստանը Վրաստանի խոշոր առևտրային գործընկերներից է։ Անցած տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել էր մեկ միլիարդ դոլարի` դրան նախորդած տարվա համեմատ այդ ցուցանիշն աճել էր ավելի քան 20 տոկոսով։ Երկու երկրների միջև քաղաքական թշնամությունը չի խանգարում Վրաստանին, օրինակ, պահանջվող ալյուրի 94 տոկոսը ներմուծել Ռուսաստանից։