Վանաձորում ընդդիմության բողոքի ակցիաները միջադեպերով անցան

Այսօր Վանաձորում ընդդիմության բողոքի ակցիաները միջադեպերով անցան։ Երբ ցուցարարները փակեցին կենտրոնական փողոցը, ոստիկանները փորձեցին ուժ կիրառել։

Ցուցարարները չբացեցին ճանապարհը, փոխարենը երթով շարժվեցին դեպի փողոցի մյուս ծայրը։ Անցորդներից ոմանք ակցիայի մասնակիցներին աջակցող ժեստեր էին անում, ավտոմեքենաները` ազդանշան տալիս, մյուսները` դժգոհում ու հանդիմանում ցույցեր անելու համար. «Սաղ երկիրն ուզում են խառնել, խառնված չի, սրանք են ուզում խառնել, ուրիշ խառնող չկա»:

Մյուսներն էլ ասում էին. «Գնացեք, սահման պահեք, ոչ թե դրոշը վերցրեք, խոսացեք»:

«էս երկիրը քանդվում է, ուզում ենք, որ փոխվի, մի լավ, խելացի կառավարություն ունենանք»:

Ցուցարարները գրեթե նույն վանկարկումներն էին անում, ինչ չորս տարի առաջ հեղափոխության օրերին էին հնչում՝ «ոստիկանը մերն է», «մեր ձեռքերը բաց են» կամ «հեռացիր»։

Ժամանակ առ ժամանակ հրմշտոց էր տեղի ունենում ցուցարարների ու ոստիկանների միջև։

Այսօր ավելի վաղ ցուցարարները կարճ ժամանակով փակել էին նաև Վանաձոր-Երևան մայրուղին։ Այստեղ, սակայն, ոստիկաններն առանձնապես չմիջամտեցին, ցուցարարներն ինքնակամ բացեցին ճանապարհը։

«Այսօր մենք գիտակցում ենք, որ ոստիկանական ուժերը շատ քիչ են, և եթե ուզենանք, 5 ժամ էլ փակած կպահենք, բայց դրա կարիքը չունենք, որովհետև այս վիճակից, այս անհարմարավետությունից տուժում է առաջին հերթին մեր վանաձորցին: Ոչինչ, մենք 3 տարի է` տուժում ենք, մի քիչ էլ կտուժենք», - ասում էին նրանք:

Սա երևանյան ցույցերի ընթացքում առաջին բողոքի ակցիան էր Լոռու մարզում։

Ցուցարարների մեջ էին և ակցիան առաջնորդում էին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության տեղի պատասխանատուներն ու արդեն 5 ամիս կալանքի տակ գտնվող Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կողմնակիցները, այդ թվում` նրա օրոք համայնքապետարանում պաշտոններ զբաղեցրած անձինք։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մասնակիցներից երեքը՝ Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության երկու անդամներ և նրանց ևս մեկ աջակից բերման են ենթարկվել։ Նրանց նկատմամբ վարչական վարույթ են հարուցել՝ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար, հետո ազատ են արձակվել։ Ըստ հաղորդումների` այսօր ընդդիմադիրները մայրուղիներ են փակել նաև Փարաքարի, Չարենցավանի, Այնթափի, Աշտարակի և Արարատի մատույցներում։

Ոստիկանությունից չհաստատեցին այս տեղեկությունները, բայց ասացին, որ օրվա երկրորդ կեսին արդեն Արարատից ու Սևանից դեպի մայրաքաղաք տանող բոլոր ճանապարհները բաց են, Երևանից դուրս էլ բերման է ենթարկվել 14 ցուցարար: