Չնայած ցուցարարների հանդեպ ոստիկանության կողմից կիրառված բռնությունների մասին բազմաթիվ հաղորդումներ ու տեսանյութեր կան, այս մասով որևէ քրեական գործ դեռևս չի հարուցվել։
Հաղորդվում է միայն, որ դատախազությունը երկու տեսանյութ է ուղարկել քննչական մարմիններ՝ հանձնարարելով ուսումնասիրել և որոշել՝ արդյո՞ք ոստիկանները գործել են օրենքի շրջանակներում։
Այդ տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանն ու նրա ենթակաները խոչընդոտում լրագրողների աշխատանքը։ Մյուսում ոստիկաններից մեկը հարվածներ է հասցնում ցուցարարին ու ուժով խցկում մեքենա։
Իրավապահները տասն օր ժամանակ ունեն որոշելու՝ ոստիկանության այս արարքներում կա՞ հանցագործոթյուն, թե՞ ոչ։
Մարդու իրավունքների պաշտպանն ևս այսօր քննադատեց ոստիկանությանը ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու համար. - «Ասեցի, որ սա խնդիր ա։ Ես որևէ ձևով չեմ ուզում փոխել էդ հետևությունը, որովհետև դա էդպես է։ Այսինքն՝ հիմա երբ խոսում էին բարեփոխումները ստվերելու, ես փորձում եմ բացատրել, որ բարեփոխումների ուղղությունները ընթացքի մեջ են։ Եվ մի բանն է, որ էս պահին կարող ենք արդյունք տեսնել, դա պարեկայինն է։ Զորքի մասով դեռ համարյա բան չի արված։ Եվ անհրաժեշտ է անել։ Այս առումով մենք նաև արձանագրել ենք դեպքեր, երբ անձը շարժման դժվարություններ էր ունեցել, հենափայտով էր շարժվել, սակայն նրան բերման ենթարկելիս անհամաչափ ուժ էր կիրառվել»։
Օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը կետ առ կետ թվարկում է ոստիկանության խնդիրները՝ բերման ենթարկելիս կանոնները չեն պահվում, քաղաքացիներին առանց որևէ պահանջ ներկայացնելու տեղափոխում են ոստիկանական բաժիններ, ցույցը ցրելիս էլ օրինական պահանջ չի ներկայացվում. - «Շատ դեպքերում նաև ոստիկանության բաժանմունքում նրանց իրավունքները չբացատրելն է, լռության իրավունքի անձնանց օգտվելու դեպքում այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելն է։ Շատ դեպքերում նաև ոստիկանության կողմից էդ իրավունքի չընկալման հարցն է, որովհետև մենք նաև արձանագրել էին դեպքեր, երբ անձին, որը օգտվելու էր իր լռության իրավունքից, ստիպողաբար նույնականացրել էին՝ շատ դեպքերում անելով դա գաղտնի։ Շատ դեպքերում անելով առանց անձի ընկալման, թե ինչ գործընթաց է դա, սահմանված ժամկետից՝ երեք ժամից ավել էին անձինք պահվել»։
Չնայած մարդու իրավունքների պաշտպանի քննադատությանը, բռնությունների ու բախումների մասին բազմաթիվ տեսանյութերին, իշխանության ներկայացուցիչները ինչպես երեկ, այնպես էլ այսօր չդատապարտեցին ոստիկանությանը։
Իշխող ուժի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը խորհդարանի ամբիոնից խոսեց ոստիկանության մասին, բայց՝ այլ շեշտադրումներով. - «Ժողովրդավարությունները պարտավոր են պաշտպանել իրենք իրենց։ Եվ այդ շրջանակներում պետք է օգտագործեն բոլոր լեգիտիմ գործիքները, այդ թվում՝ օգտվելով պետության՝ ուժի կիրառման մենաշնորհից։ Այս համատեքստում կոչ եմ անում ոստիկանությանը խաղաղ հավաքների և քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքների արդյունավետ հավասարակշռում ապահովմամբ, միաժամանակ անհանդուրժող լինել բռնության, բռնության կոչերի, սադրանքների և հայհոյախոսության նկատմամբ։
Իսկ նրա գործընկեր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ լրագրողներին միայն ասաց, թե ոստիկանության գործողությունները պետք է արժանանան դատաիրավական գնահատականի։