Ինչպես անցնող շաբաթվա բոլոր օրերին, այսօր էլ Երևանում ցույցերի մեկնարկը տվեցին բուհերով երթեր իրականացնող երիտասարդները։ Նրանք ուսանողներին հորդորում են միանալ իրենց, բուհերի առջև Լեռնային Ղարաբաղի դրոշն են տեղադրում։
Ընդդիմությունը փողոցային պայքարն սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին ելույթից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը». վարչապետԸնդդիմադիրները պնդում են, որ իշխանությունը մտադիր է Արցախը հանձնել Ադրբեջանին, իսկ դա, ըստ նրանց, հնարավոր է տապալել հանրային ճնշմամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։ Ընդդիմադիրները, սակայն, մինչև օրս չեն հստակեցրել Արցախը փրկելու իրենց ծրագիրը։
Հայաստանի չորս մարզերից դեպի Երևան ճամփա են բռնել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Ըստ Գեղամ Մանուկյանի («Հայաստան»), Երևանում կլինեն այս կիրակի։ Մայիսի 1-ին ընդդիմությունը մայրաքաղաքում հանրահավաք է հրավիրել։
«Բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտից, երեկվանից տեղեկանալով քալերթի մասին, միացել են մեզ», - ասաց Մանուկյանը։
Գյումրից այսօր քայլերթով Երևան է գալիս ընդդիմադիրներ մյուս խումբը։ Նրանց թվում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը. - «Այո' Հայաստանի ապագային, այո' Արցախի հայ լինելուն, այո' հայ ժողովրդի միասնականությանը։ Ո'չ Նիկոլին, ո'չ այս իշխանություններին, որոնք որ Հայաստանը տանում են թրքահպատակության։ Ուրեմն զարթնի'ր Գյումրի, զարթնի'ր Շիրակ։ Եվ մենք բոլորս գնում ենք դեպի պայքարի։ Մեր պայքարը լինելու է մինչև վերջ»։
Փողոցներ փակել, արագաչափերին նկարներ փակցնել, մարզերից քայլերթեր, բուհերում ակցիային միանալու կոչեր. մեթոդները նույնն են, ինչ 2018-ին, երբ հենց Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ անհնազանդության ակցիաներ էին տեղի ունենում։
«Ինչպես ասում են՝ հարյուր տոկոսանոց քոփի-փեյսթ է, և փորձում են դրանով արդյունք ունենալ՝ չմտածելով կոնտենտի մասին», - այսօր «Ազատության» տաղավարում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Your browser doesn’t support HTML5
Նրա ձևակերպմամբ՝ դրանք հեղափոխական գործինքերն են՝ առանց բովանդակության։ Գրիգորյանի կարծիքով, չկա քաղաքական որևէ քննարկում։ Նա նաև չի կարծում, որ ընդդիմությանը հաջողվել է ապահովել իրենց համար ցանկալի թվով աջակիցներ։
Դիտարկմանը, թե արդյոք չեն անհանգստանում ձնագնդի էֆեկտից, գուցե ստիպված լինեն հանրային ճնշման տակ գնալ արտահերթ լուծումների, Գրիգորյանը պատասխանեց՝ օրակարգ առաջարկողներն այսօր ընդդիմադիրներն են, որոնցից, սակայն, մինչև այս պահը չեն տեսել քաղաքական լուրջ գործընթաց. - «Նույնիսկ պատասխանելու որևէ բան չկա։ Օրինակ, իրենց առաջարկած քաղաքական օրակարգին մեզնից որևիցե մեկը չի կարող պատասխանի... լուրջ պատասխան, քաղաքական քննարկում չենք կարող ունենալ այս պահի ընդդիմության հետ։ Որովհետև ընդամենը մեղադրանքներ են, որը չորս տարի շարունակվում է, և որը մեծ հաշվով որևէ հիմք չունի»։
Օրենսդիր մարմնի իշխանական ներկայացուցիչ, «Քաղացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե ընդդիմության սակավաթիվ ցույցերը իրենց չեն անհանգստացնում. - ««Բացի ծիծաղից ու քմքծիծաղից այլ բան առաջացնել չի կարող և չպետք է առաջացնի»։
«Ազատության» հարցին, թե արդյոք իշխանությունն ասելիք չունի այն մարդկանց, որոնք ընդդիմության աջակիցները չեն, բայց դժգոհ են իշխանություններից, պատգամավորն արձագանքեց. - «Բնական է, որ ցանկացած ժողովրդավարական երկրում կա մարդկանց քանակ, որը դժգոհ ա օրվա իշխանություններից։ Օրինակ, ընդդիմությանը ձայն ա տվել ընտրողների մի որոշակի քանակ, 200 հազարից ավել, եթե չեմ սխալվում... Ռոբերտ Քոչարյանին և Արթուր Վանեցյանին։ Ուրիշ բան, որ այսօր փողոցում վերջին յոթ օրվա մեջ փողոցում ամենաշատը Արթուր Վանեցյանի և Ռոբերտ Քոչարյանի կողքին եղել ա 1500 հոգի։ Կարծում եմ, դա ավելի շատ իրենց պիտի մտահոգի։ Իսկ ինչ վերաբերվում ա մեզ, մենք շարունակում ենք էդ աշխատանքը, որը մեզ պատվիրակել ա կատարել ժողովուրդը»։
«Հաջորդ շաբաթ մեկնարկող խորհրդարանական քառօրյան կանցնի ըստ ընթացակարգի», - հավելում է Ալեքսանյանը՝ պնդելով, թե մայիսի 1-ից հետո ընդդիմության ավելի կոշտ գործողությունների մասին հայտարարությունները իրենց ոչինչ չեն ասում։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրուցյում ասել էր, որ եթե անհնազանդության այս ակցիաներով հաջողության չհասնեն, ինքը խորհրդարան չի վերադառնա։ Այդուհանդերձ, Վանեցյանը չէր խոսել մանդատը վայր դնելու մասին. - «Այո, ես այս պահին խորհրդարանում անելիք չունեմ։ Հերթական անգամ ապացուցում են իրենց ձրիակերությունն ու ժողովրդի հարկերի հաշվին ինչ-որ տարօրինակ գործողությունները ընդամենը»։
Փողոց դուրս եկած ընդդիմադիր ուժերն այսօր երեկոյան մի քանի ուղղություններով երթ են անելու։
Your browser doesn’t support HTML5