Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում կհանդիպի Ալիևի օգնական Հաջիևի հետ


Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

«Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», - «Ազատության» եթերում ասաց Արմեն Գրիգորյանը` հնարավոր համարելով, որ սրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը:

«Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», - նշեց ԱԽ քարտուղարը:

Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի սկզբին Բրյուսելում կարող են հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները:

Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի նախորդ հանդիպումը կայացել էր մարտի վերջին Բրյուսելում՝ Եվրամիության հարկի տակ, ըստ ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրության, «առաջ մղելու երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծում գտնելու ջանքերը»։

Դրան հաջորդել էր օրեր անց` ապրիլի 6-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Իսկ մայիսի 13-ին Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG