Պայքարը չի դադարելու, մենք պետք է հասնենք վերջնական արդյունքի. Գեղամ Մանուկյան

Իշխանության հեռացման պահանջով ընդդիմության պայքարը չի դադարելու, հայտարարում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով այսօրվանից համակիրների հետ Սարդարապատից քայլերթով գալիս է Երևան։

«Մենք պետք է հասնենք վերջնական արդյունքի։ Մենք պետք է պաշտպանենք Արցախը, պետք է պաշտպանենք Հայաստանը, մեր անվտանգությունը վերականգնենք՝ այս իշխանությանը հեռացնելով, որովհետև այս իշխանությունն այլևս որևէ բանի ի վիճակի չէ», - հայտարարեց Մանուկյանը։

4-րդ օրն է՝ «Հայաստան» խմբակցությունը մայրաքաղաքում իրազեկման ակցիաներից բացի, նաև մարզերից քայլելով է գալիս Երևան։ Մի խումբը Իջևանից է սկսել, մյուսը՝ Տիգրանաշենից, 3-րդ և 4-րդ խմբերն այսօր՝ Ապարանից ու Սարդարապատից։

«Բոլորի մոտ կա Արցախի հարցով անհանգստությունը, Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերություններում այս իշխանությունների ուղղակի անատամ, ամբողջական զիջողական անհանգստությունը», - նկատեց պատգամավորը։

ՀՀԿ-ն «Ստոպ Նիկոլ» կարգախոսով բողոքի ցույց անցկացրեց

Զուգահեռ շարունակվում են ընդդիմադիրների ակցիաները մայրաքաղաքում։

Հանրապետականներն այսօր «Ստոպ Նիկոլ» կարգախոսով Երևանի կենտրոնական հատվածներում քայլերթ, բողոքի գործողություններ իրականացրին։ Ընդդիմությունը փողոց դուրս եկավ վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե միջազգային հանրությունն ակնկալում է, որ հայկական կողմը մի փոքր իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը:


«Բոլորիդ աչքի առաջ հայտարարում է, թե Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում։ Բա եթե դա չէ Արցախի հանձնումը, էլ ի՞նչն է Արցախի հանձնումը։ Ես մեր բոլորի անունից ասում եմ՝ ովքեր ապագա են տեսնում Ադրբեջանի հետ, հենց այսօր կարող են ելնել և տեղափոխվել Արցախ և իրենց ապագան կառուցել Ադրբեջանում։ Եվ այս պահին ևս մեկ անգամ ասում եմ՝ Նիկո՛լ, դուրս գնա ստեղից», - հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։

Ընդդիմության ակցիաների ընթացքում այսօր շուրջ 40 քաղաքացի է բերման ենթարկվել

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցում են՝ բողոքի գործողությունների ընթացքում այսօր արդեն շուրջ 4 տասնյակ քաղաքացի է բերման ենթարկվել, նրանց թվում՝ 1 անչափահաս։ Բերման ենթարկվածները հիմնականում երեք ժամը լրանալուց հետո ազատ են արձակվում։ Սակայն 2 օր առաջ բերման ենթարկվածներից 3-ը ձերբակալվել էին խուլիգանության կասկածանքով: Նրանց փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնեց, որ դատարանը ոչ իրավաչափ է որակել դաշնակցական երիտասարդների ձերբակալությունն ու նրանց ազատ արձակել։ Փաստաբանն ընդգծեց նաև՝ իրավապահները այդպես էլ չեն պարզաբանել, թե իր պաշտպանյալների որ գործողություններն են դիտարկվել որպես խուլիգանություն. «Մեզ չի պարզաբանվել կասկածանքը, չեն ասում՝ ինչ գործողություններ է կատարել անձը»։

Ոստիկանությունը ևս չի հստակեցրել, թե ինչ արարքի համար էին ձերբակալվել երիտասարդները։