Հայաստանի արտգործնախարարի հետ երկու հեռախոսազրույցներից հետո սահմանազատման հանձնաժողովի հարցում որոշակի արդյունք կա, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
«Պատերազմից հետո առաջնային հարցերից մեկը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումն է: Այս թեմայով ես երկու հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ և կարող եմ ասել, որ որոշ արդյունքներ կան: Այժմ պայմաններ են ստեղծվել դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով հանձնաժողովի աշխատանքների համար», - ասել է նա:
Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցների մասին Ջեյհուն Բայրամովը խոսել է իր վրաց պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են՝ ինչ կառուցվածք է ունենալու սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովըՕրերս Հայաստանի արտգործնախարարությունը Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցից հետո հայտնել էր, թե Երևանն ու Բաքուն քննարկել և արդեն համաձայնեցրել են, թե ինչ կառուցվածք է ունենալու սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը: Բացի դրանից, հաղորդվել էր, որ երկու նախարարները պայմանավորվել են հանդիպել։ Թե երբ և որտեղ է կայանալու այդ հանդիպումը, ո'չ Երևանը, ո'չ Բաքուն դեռ չեն հստակեցվել: Հայտնի չէ նաև հանձնաժողովների կառուցվածքն ու կազմը:
Ամսվա սկզբին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներներն էին համաձայնության եկել, որ հանձնաժողովը կստեղծվի մինչև այս ամսվա վերջ։
Ջեյհուն Բայրամովը այսօրվա ասուլիսում նաև խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին՝ ընդգծելով, որ Բաքուն բավական առաջ է գնացել և այժմ Երևանից են հստակ քայլեր ակնկալում:
«Ադրբեջանը իր տարածքում և' երկաթուղային, և' ավտոմոբիլային ճանապարհների ծրագրեր է հաջողությամբ իրականացնում: Այս ուղիները պետք է շարունակություն գտնեն արդեն Հայաստանի սահմաններում, և այս առումով մենք Հայաստանից հստակ քայլեր ենք ակնկալում: Խոստումներից զատ արդեն եկել է հստակ գործողությունների ժամանակը: Խաղաղությանը միտված գործընթացների արդյունավետությունը նախ և առաջ բխում է կովկասյան երեք պետությունների շահերից: Վրացական կողմը ևս աջակցում է և կարող է կարևոր դեր խաղալ այս ճանապարհին: Հարավային Կովկասը մեր համատեղ տունն է, և Ադրբեջան-Վրաստան համագործակցությունը կարող է դիտարկվել որպես մոդել հարևան երկրների համագործակցության համար: Իհարկե, Հայաստանը ևս կարող է իր տեղն ունենալ լայնամասշտաբ ծրագրերում՝ հարգելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները», - հայտարարել է Բայրամովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. Շատ մոտ ենք տարածաշրջանում ուղիների վերագործարկման առաջին արդյունքներինՀայաստանի վարչապետը դեռ փետրվարին էր հայտարարել, որ կոնկրետ աշխատանքներ են իրականացնում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար: Նա նշել էր, որ չնայած տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են, ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և արդեն նաև դե յուրե գործընթացն ամբողջ թափով կծավալվի: Սակայն այս հարցով որևէ առաջընթաց մասին հայկական կողմը դեռ չի հաղորդել:
Վրաստանի նորանշանակ արտգործնախարարին այսօր Բաքվում ընդունել է նաև Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևն ասել է, որ հետպատերազմական շրջանում Հարավային Կովկասի երեք երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի եռակողմ ձևաչափով համագործակցության լավ հնարավորություն է ստեղծվել։ Բաքուն պատրաստ է դրան, ընդգծել է նա։ Ադրբեջանի ղեկավարը հավելել է, թե Թբիլիսին այս հարցում համակարծիք է և հույս հայտնել, որ պաշտոնական Երևանը ևս կգիտակցի, որ սա միակ ճանապարհն է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման համար:
Your browser doesn’t support HTML5