Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ՄԽ կենսունակությունը խիստ հարցականի տակ է․ քաղաքագետ


Մինսկի խմբի կենսունակությունը խիստ հարցականի տակ է, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ, Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը՝ վկայակոչելով նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը։

Մոսկվայում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարեց, թե Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում։ Արարատ Միրզոյանը չկիսեց այս կարծիքը՝ պնդելով, թե համանախագահող երկրներից այլ ազդակներ է ստացել։ «Ուզում եմ հաստատել, որ միջազգային համայնքը շարունակում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնել Մինսկի խմբի ձևաչափով, ինչը, պետք է ասեմ, շատ է հուսադրում», - ասաց Միրզոյանը։

Լավրովի այտարարությունից հետո, այդուհանդերձ, թե՛ Ֆրանսիան և թե՛ Միացյալ Նահանգները հայտարարեցին ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, նաև Հայաստան այցելեց Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը։ Ռուսաստանը, մինչդեռ, Մինսկի խմբում իր համանախագահ Իգոր Խովաևին նշանակեց արտգործնախարարի հատուկ ներկայացացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով։

Փաստը մնում է փաստ, որ բոլոր հարցերում այսօր Ռուսաստանն ու Արևմուտքն ունեն այսպես մրցակցային, զրոյական արդյունքով իրար հետ շփվելու հարաբերություն, այս հարցում ևս ունեն բավականին տարբեր շահեր, նկատեց քաղաքագետը՝ շեշտելով՝ դա խնդիր է լինելու։

«Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունից հետո հրատարակված այդ համատեղ փաստաթուղթը 30 կետից բաղկացած, այնտեղ մի թռուցիկ հղում կա ընդամենը Մինսկի խմբին, որ Մինսկի խումբը շարունակում է գոյություն ունենալ որպես ֆորմատ և դրա փորձառությունը պետք է հաշվի առնել և այլն, բայց կարծում եմ, եթե նայում եք այդ փաստաթղթին ընդհանուր տպավորությունն այն է, որ Ռուսաստանի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հակամարտության բանակցություններում մի տեսակ դուրս էր Մինսկի խմբի ֆորմատից և չէր ենթադրում Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ կոորդինացում և համագործակցություն», - ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG