Ընդդիմադիրներն այսօր էլ Արարատի մարզի սահմանամերձ Տիգրանաշենից իրազեկման քայլերթով կշարժվեն դեպի Երևան։ Ապա Ապարանից ու Սարդարապատից ցուցարարները երթով կգան։ Երեկ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության անելիքները ներկայացրեց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»․ Փաշինյան«Այդ ընթացքում մենք ամեն օր Երևանում ունենալու ենք տարբեր տիպի բողոքի ակցիաներ ու անհնազանդության գործողություններ ու երթեր մինչև ամսի 1-ը, դրանից հետո անցնում ենք շատ ավելի կոնկրետ ու հստակ գործողությունների», - հայտարարեց Սաղաթելյանը։
Թե ինչ են ենթադրում այդ գործողությունները, Ազգային ժողովի փոխխոսնակը փակագծեր չբացեց։
«Ճանապարհին կրկին մեր հայրենակիցները մեզ ասում էին՝ «էսօր մնու՞մ ենք, թե՞ չէ», հարգելի հայրենակիցներ, էդ մնալու օրը մենք կասենք ձեզ, էդ օրը լինելու է, ուրեմն հստակ մենք ունենք ծայրից ծայր գծված ծրագիր, որը բերելու է սրանց հեռացմանը, վստահ եղեք, թիկունք կանգնեք, միասին՝ մինչև վերջ», - ասաց Սաղաթելյանը։
Ընդդիմությունը Փաշինյանի հրաժարականի պահանջով է փողոցում
Խորհրդարանական ընդդիմությունը վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով է փողոց դուրս եկել։ Պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչը հնարավոր է տապալել հանրային ճնշմամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։
Պայքարի մասին իրազեկման քայլերթը երեկվանից է սկսվել։ Մի խումբ ցուցարարներ Իջևանից ոտքով Երևան են գալիս։ Իրազեկման երթ երեկ երեկոյան տեղի ունեցավ նաև Երևանում՝ Կոմիտասի պողոտայից մինչև Ֆրանսիայի հրապարակ։
«Առավել քան վճռական ենք»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, որ այսօր միանալու է Տիգրանաշենից մեկնարկող քայլերիթին, ասաց՝ սա վճռական պայքար է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե մենք այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը հանձնելու ենք. Փաշինյան«Առավել քան վճռական ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթն Ազգային ժողովում այն մասին էր, որ ինքն ու իր քաղաքական թիմը պատրաստ են տեսնել Արցախն Ադրբեջանի կազմում, եթե նրանք այդ վճիռը կայացրել են, ապա մենք առավել քան վճռական պետք է լինենք՝ հակազդելու այդ որոշմանը», - ասաց Գրիգորյանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո ընդդիմությունն Ազգային ժողովում անելիք չունի։
«Եվ մենք պետք է լինենք փողոցում՝ համախմբելով ամբողջ հայ ժողովրդին, հայ ազգին մի օրակարգի շուրջ՝ պահելու Արցախը հայկական, Ադրբեջանի կազմից դուրս և թույլ չտալու որևէ տարածքային զիջում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից», - ասաց Գրիգորյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Արցախն իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես»․ Փաշինյան