«Մենք խոսում էինք հասարակության հետ, ու խոսեց հասարակության մի մասը մեզ հետ»

44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը շարունակում են հացադուլը Ազատության հրապարակում

Լիդա Առուշանյանն Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը առավոտից երեկո Ազատության հրապարակում է։ Միայն գիշերն է տուն գնում։

Ասում է՝ Արցախը կորցնելու տագնապները հանգիստ չեն տալիս. - «Գիշերը չեմ քնում, դեղով քնում, դեղով արթնանում եմ։ Մարդկանց ասում եմ՝ եկեք, օրհաս ա, անդունդի եզրին ենք»։

Լիդա Առուշանյան

30-ամյա Դավիթ Առուշանյանը զոհվել է 44-օրյա պատերազմում։ Զինվորական էր, հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչմանը։
Միակ որդուն կորցրած 72-ամյա մորը հրապարակ են բերել Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու իշխանության վերջին հայտարարությունները։ Զայրացած է. - «Ժողովուրդը բերել է, թող ժողովուրդն էլ հանի։ Որ մնա, Արցախը չի լինելու, դրա մասին խոսք չկա։ Ուզում էի հացադուլ էլ անեմ, էրեխեքը չթողացեին։ Նվերը իմ տղային գիտի, իրար հետ են կռվել»։

Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հինգերորդ օրն է հացադուլ են անում Ազատության հրապարակում։ Ասում են՝ այս ծայրահեղ քայլով փորձում են երիտասարդների ուշադրությունը հրավիրել Արցախին ու Հայաստանին սպառնացող խնդիրների վրա։

«Մենք մեր շրջապատում տեսնում էինք... անտարբերություն չասեմ, այլ ասեմ անհոգություն, որը ամենաշատն ա հունից հանում», - «Ազատությանն» ասաց Նվեր Կիրակոսյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի խորհրդարանը Հայաստանի իշխանություններից պահանջում է հրաժարվել «աղետալի դիրքորոշումից»

Արթուրն ու Նվերը ծրագրավորողներ են։ 44-օրյա պատերազմի օրերին ծառայել են թեժ կետերում։ Ասում են՝ հացադուլ սկսելու ազդակը Արցախի Ազգային ժողովի վերջին հայտարարությունն էր։ Ազգային ժողովը դիմելով Հայաստանի իշխանությանը՝ հայտարարել էր, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու:

«Փորձում ենք էդ մտահոգությունը Արցախի Ազգային ժողովից բերել Երևան։ Էս պատճառով մեր անձերի շուրջ չենք ուզում, որ շատ կենտրոնանան», - ասաց Արթուր Ավագյանը։

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս պահանջով Արթուրն ու Նվերը եերկվանից ստորագրահավաք են սկսել։ Ասում են՝ հարյուրավոր մարդիկ են միացել այդ պահանջին. - «Մեզ համար է։ Էս ստորագրությունը մենք չենք տանելու մեկին հանձնենք... ստորագրությունները թիվ չի, կենդանության նշաններ են։ Մենք խոսում էինք հասարակության հետ, ու խոսեց հասարակության մի մասը մեր հետ»։

Հրապարակ այցելող մարդիկ, հատկապես կանայք հորդորում են դադարեցնել հացադուլը, հրաժարավել ծայրահեղ միջոցներից։ Արթուրն ու Նվերը համարում են, որ հացադուլը ապարդյուն չի եղել։ Շատերն են հրապարակ եկել ու հետաքրքրվել իրենց պահանջով. - «Եվ մենք էստեղից դուրս ենք գալու միայն մեր նպատակը իրագործած ձևով, դուրս ենք գալու ավելի ուժեղ, վճռական և հանգիստ»։

Ե՞րբ կդադարեցնեն հացադուլը և ի՞նչ քայլեր են անելու դրանից հետո։ Միանալո՞ւ են քաղաքական ուժերին։

Արթուրն ու Նվերը խոստացան իրենց անելիքների մասին հայտարարել առաջիկայում։