Աղվան Հովսեփյանի գործն ուղարկվեց դատարան

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին վերաբերող քրեական գործն ուղարկվել է դատարան, հայտնում է Գլխավոր դատախազությունը՝ մանրամասնելով՝ հսկող դատախազն այսօր հաստատել է մեղադրական եզրակացությունը և ըստ էության քննելու համար գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Բացի այդ, ըստ դատախազության, միջոցներ են ձեռնարկվել Բյուրականում ապօրինի օտարված հողամասերը համայնքին վերադարձնելու ուղղությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղվան Հովսեփյանի փաստաբանները բողոքարկելու են իրենց պաշտպանյալին կալանավորելու որոշումը

45 տարի շարունակ արդարադատության ոլորտում պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Հովսեփյանը մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ արարքների համար։

Օրեր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Այս գործով 54 անձ է անցնում՝ վկաներ և տուժողներ, որոնց մեծ մասը նախկին գլխավոր դատախազի դեմ ցուցմունքներ են տվել։

Մոտ կես տարի առաջ կալանավորված Աղվան Հովսեփյանը մեղքը չի ընդունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախկին գլխավոր դատախազը բիզնեսով ստացել է մոտ 7 միլիարդ դրամ եկամուտ. քննիչ