Քարագլուխը ռազմավարական նշանակություն ունի. ևս մեկ սադրանք, Ստեփանակերտը կարող է թիրախում լինել. արցախցի մասնագետ

Բնակավայր Արցախում, արխիվ

«Քարագլուխ բարձունքը Շուշիին գրեթե համարժեք ռազմավարական նշանակություն ունի»

Քարագլուխ բարձունքը Շուշիին գրեթե համարժեք ռազմավարական նշանակություն ունի, ասում Է Արցախի ատլասի համահեղինակ, պատմաբան Սլավա Սարգսյանը։ Մասնագետը շեշտում է՝ ադրբեջանական զորքերի առաջխաղացումից հետո մեծ սպառնալիքի տակ են բարձունքից ոչ շատ հեռու բնակավայրերը, այդ թվում՝ Ասկերան քաղաքը, որ Քարագլխից ուղիղ գծով մոտ 5 կմ հեռավորության վրա է։

«Սարդարաշենի հետ կապված, որ կարող է սպառնալիք ստեղծվել, Խնապատ գյուղն է, Խրամորթը, եթե Խրամորթ կա, ուրեմն Ասկերանն էլ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը, գտնվում է մեր վերահսկողության տակ»․ Արցախի նախագահ

Շուշիից հետո երկրորդ ամենամեծ սպառնալիքն այս պահի դրությամբ Քարագլխից է, չնայած, ըստ Արցախի իշխանությունների, ամենաբարձր կետում հայկական ուժերն են, իսկ բարձունքի մի մասում դեռ շարունակում են մնալ ադրբեջանական զինված ուժերը։ Պատմաբանը շեշտում է՝ Ստեփանակերտն այս տարածքից ուղիղ գծով շուրջ 20 կմ է հեռու, ևս մեկ սադրանք, և Արցախի մայրաքաղաքն է հայտնվելու ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում։ Ադրբեջանցիները պետք է հեռացվեն այդ տարածքից, այլապես հավանականությունը, որ կարող է ավելի ծանր իրավիճակ ստեղծվել, մեծ է, կարծում է Սարգսյանը։

«Ստեփանակերտն արդեն կընկնի շրջափակման մեջ, եթե նրանց այնտեղից չհանենք, վտանգավոր վիճակ կարող է ստեղծվել: Եթե այդ գյուղերում արդեն վտանգավոր վիճակ է ստեղծվում, դրանից հետո հաջորդ քայլը ո՞րն է, հաջորդ քայլն արդեն Ստեփանակերտն է», - ասում է Սլավա Սարգսյանը` հավելելով` Քարագլուխը, որի մի հատվածում նախկինում բնակավայր էր, պետք է մշտապես իշխանությունների ուշադրության կենտրոնում լիներ՝ բացառելու նման իրավիճակը։

Իսկ ինչպես ավելի ուշ հայտարարվեց, կարևոր ռազմավարական նշանակության բարձունքում ադրբեջանցիները հայտնվել էին պայմանավորվածության խախտման արդյունքում։ Անցած հինգշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, հայկական կողմն այն կատարել էր, իսկ ադրբեջանականը՝ ոչ։

«Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։ Հայկական մի քանի դիրքեր հետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվություն գոտի», - ասել էր վարչապետը։

Ադրբեջանցիները տեղում արդեն ինժեներական աշխատանքներ են կատարում. Հայկ Խանումյան

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային հանրությունը պատշաճ և հասցեական արձագանք պետք է տա ադրբեջանական գործողություններին. Միրզոյանը` Իտալիայի ԱԳ նախարարին

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էլ «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ հենց Փառուխի միջով ադրբեջանցիները բավականին մեծաթիվ ուժերով՝ առաջին օրը 550-ից ավելի զինծառայողով բարձրացել էին լեռը և կանգ առել Պաշտպանության բանակին հանդիպելուց հետո միայն։ Հայկական կողմը բախման հետևանքով 3 զոհ ունեցավ, տասնյակից ավելի վիրավոր։ Ադրբեջանցիները տեղում արդեն ինժեներական աշխատանքներ են կատարում, ասում է պաշտոնյան։

«Ամենաբարձ նիշում այս պահին մենք ենք, որոշակի հարյուր մետր ներքև նիշում ադրբեջանցիներն են, և այդտեղ ուժերը փորձում են դիրքավորվել, ինժեներական գործ են անում և էսպես շարունակ», - նշում է Խանումյանը։

Քարագլխում այս պահին իրավիճակի որևէ փոփոխություն չի գրանցվել​. նախագահական

Մարտի 24-ին սկիզբ առած լարվածությունը թուլացնելու՝ ադրբեջանցիներին ելման դիքրեր վերադարձնելու համար ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ էին սկսվել, այս մասին պաշտոնական Ստեփանակերտը ոչ մեկ անգամ էր հայտարարել, սակայն, թե ի՞նչ տեղաշարժ կա բանակցություններում կամ արդյոք կա՞, Արցախից դեռ չեն հստակեցնում։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն «Ազատությանը» հայտնեց միայն, որ Քարագլխում այս պահին իրավիճակի որևէ փոփոխություն չի գրանցվել։ Իսկ Քարագլուխն ու շրջակա տարածքը Արցախի համար նաև կարևոր պատմամշակութային նշանակություն ունեն. այնտեղ 2 եկեղեցի կա, հայտնի Շիկաքար-Քարագլուխ ամրոցը, Շիկաքարի քարանձավը, գերեզմանոցներ, խաչքարեր։ Արցախի մշակույթի նախարարությունն անցած շաբաթավերջին հայտարարեց՝ Փառուխ գյուղի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է։