Մատչելիության հղումներ

«Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը, գտնվում է մեր վերահսկողության տակ»․ Արցախի նախագահ


Ադրբեջանի զինված ուժերի նպատակը ամբողջ Քարագլուխը գրավելն է եղել, այսօր Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ արձանագրելով․ - «Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը, գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ»:

«Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր: Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն, որը բխում է եռակողմ հայտարարությունից, պետք է վերականգնվի: Այս պահանջը մենք երբևէ չենք փոխելու»,- ասել է Արցախի նախագահը:

Ադրբեջանի կողմից հրահրված այդ սադրանքի նպատակը եղել է առաջին հերթին ռուսական խաղաղապահ ուժերի դերակատարությունը վարկաբեկելը, համոզմունք է հայտնել Հարությունյանը: «Մենք համարում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը, չհաշված այդ դրվագը»,- ընդգծել է Արցախի նախագահը՝զգոնությունը բարձր մակարդակի վրա պահելու կոչ արել՝ «մինչև պարզ լինի, որ Ադրբեջանը նման սադրանքների էլ չի գնալու»:

«Դրա համար հետագայում մենք մեր ինքնապաշտպանության առումով շատ ավելի արմատական և վճռական քայլեր ենք իրականացնելու»,- եզրափակել է Հարությունյանը:

Իրադրությունը Աղդամին սահմանակից Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղերի հատվածում կտրուկ սրվեց մարտի 24-ին, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, 15-ը՝ վիրավորվեց։ Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Երեք օր անց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից, ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը մանրամասնեց՝ Փառուխը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, հայկական ուժերը պահպանել են Քարագլխի հիմնական մասի տիրապետումը։

Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Փառուխի ճգնաժամը ծագել է պայամանվորվածությունների խախտման արդյունքում․ - «Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։ Հայկական մի քանի դիրքեր հետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվություն գոտի»։

Գործադիրի ղեկավարը հայտարարեց՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում խաղաղապահ ստորաբաժանման գոտի շարունակվում է՝ շեշտելով՝ ակնկալում են, որ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ ադրբեջանական ստորաբաժանումների դիուրսբերումը ապահովելու և 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար՝ ակնկալելով նաև խաղաղապահների գործողությունների կամ հնարավոր անգործության պատշաճ քննություն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG