Խրամորթցիներն ասում են, որ ոչ թե գյուղը լքելու ադրբեջանական հորդորներն են իրենց Խրամորթից Իվանյան հասցրել, այլ անմիջական սպառնալիքը:
Ադրբեջանական զինուժն ավելի է մոտեցել տներին՝ Գյուղից ոչ շատ հեռու, Քարագլուխ բարձունքի մի մասում են: Խրամորթում հիմա միայն տղամարդիկ են: Ոչ շատ հեռու գտնվող Իվանյան համայնքում բարեկամնների տանը տեղավորված տարեց կանանց օրը բացվում է Խրամորթի մասին մտածմունքով, ավարտվում նույն մտահոգությամբ՝ արդյոք կարո՞ղ են վերադառնալ հարազատ տներ։ Անորոշ հարցի պատասխանն արդեն մեկ շաբաթից ավելի է ո՛չ իշխանությունն է տալիս, ո՛չ էլ գյուղում մնացած տղամարդիկ:
Հարազատ գյուղից վերջին օրերին նույն լուրն են ստանում՝ իրավիճակը լարված է, ադրբեջանցիները հետ չեն քաշվում:
«Շատ էլ բարեկամի տունը, մին օր, էրկու օր... կկարենա՞ ամեն օր կենա», - ասում է Մադլենա Սահակյանը:
Մեկ ամսում արդեն երրորդ անգամն է, որ տուն-տեղ թողել, եկել են Իվանյան՝ հարազատների մոտ, պատմում են տարեց կանայք: Ճնշված են՝ ինչքա՞ն կարելի է ուրիշին նեղություն պատճառել:
84-ամյա Լիդա Ղահրամանյանն ասում է՝ մի քանի սենյակում հիմա 14 հոգով են ապրում, շատերը հատակին են քնում։
Խրամորթում ադրբեջանցիները այնքան մոտ են, որ անգամ մոտենում են ու արգելում գյուղատնեսական աշխատանքներով զբաղվել:
70-ամյա Էմմա Բաղդասարյանն ասում է՝ հասցրել էին վարուցանք անել, գարի, ցորեն էին ցանել, հիմա չգիտի ինչ է սպասվում իրենց։ Աղջկա տանն է տեղավորվել՝ հարսի ու 5 թոռների հետ միասին: Ամենափոքրը ընդամենը մի քանի օրական է. - «Չորս թոռը աղջիկ ա, մեկն էլ տղա ա ծնվալ... յեր ունիմ որտե՞ղ գնամ...»
Խրամորթից, տագնապով հիշում է տարեց կինը, ստիպված նաև 90-ականներին էին դուրս եկել: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանցիները գյուղի բոլոր տներն էին այրել, ոնչացրել այն ,ինչ ունեին: Հիմա էլ տագնապում է՝ աշխատանքով, տարիներով ստեղծածը նորից չկորցնեն: Տեղ չունեն գնալու: Ապրուստի հիմնական մասն էլ է գյուղում:
«Ես իմ տունս եմ ուզում, իմ ազատությունն եմ ուզում», - Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում ապաստանած Մարինե Դանիելյանը։ 50-այմա կինը ընտանիքի հետ այստեղ վարձով է ապրում: Փառուխը լքել են վերջին սրացումներից առաջ, դեռ 2020-ի պատերազմից հետո: Իր ընտանիքը միակը չէ. գյուղում մի քանի տղամարդ էր մնացել 44-օրյայից հետո, ասում է: Ամուսինն էլ գյուղը չէր լքել: Մինչև վերջրես անասնապությամբ էր զբաղվում այնտեղ ու ընտանիք պահում:
Տունը, որ պետությունն է վարձել բնակվելու համար, անգամ տարրական պայմաններ չունի: 50-ամյա կինը հիմա հույսը կոցրել է, թե կարող է վերադառնալ Փառուխ, թեև լսել է, թե գյուղն արդեն խաղապահների վերահսկողության տակ է։