Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել Ռուսաստանին զրկել վետոյի իրավունքից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում և կոչ արեց Ռուսաստանին հեռացնել Անվտանգության խորհրդի կազմից։

Զելենսկին կոչ է արել ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնել, Անվտանգության խորհրդի մշտական անդամներին զրկել վետոյի իրավունքից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը վետոյի իր իրավունքը դարձրել է սպանելու իրավունք՝ «ՄԱԿ-ի համակարգը պետք է անհապաղ բարեփոխվի, որպեսզի վետոյի իրավունքը չդառնա մահ պատճառելու իրավունք»։

«Մեզ հիմա անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի որոշումը Ուկրաինայի խաղաղության համար։ Եթե դուք չգիտեք ինչպես ընդունել որոշումը, կարող եք երկու քայլ անել՝ Ռուսաստանին որպես ագրեսորի և պատերազմի աղբյուրի հեռացնել իր իսկ ագրեսիայի և իր իսկ պատերազմների վերաբերյալ որոշումներն արգելափակելու իրավունքից և հետո հնարավորն անել խաղաղություն հաստատելու համար», - ասել է Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներին, որոնցից 5-ը մշտական անդամի կարգավիճակ ու ցանկացած որոշման վրա վետո դնելու իրավունք ունեն։

Երևանի ժամանակով երեկ երեկոյան նրա հեռավար ելույթի զգալի մասը Բուչայում ռուսական ուժերի, իր խոսքով՝ ռազմական հանցագործությունների մասին էր։ Այդ հանցագործությունների մեջ նա մեղադրեց ռուսաստանցի զինծառայողներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արևմուտքն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նկատմամբԶելենսկի․ Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի չունենալ, սակայն բանակցությունները պետք է շարունակելԴմիտրի Կուլեբա. «Ռուսաստանն «Իսլամական պետությունից» վատն է»Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին «պատերազմի հանցագործ» է անվանել

«Բուչայում նրանք բոլոր հնարավոր հանցագործությունները կատարել են։ Նրանք ամբողջ ընտանիքներ են սպանել, փորձել են այրել մարդկանց, մի շարք զոհերի գնդակահարել են փողոցներում, մյուսներին՝ տներում, տանկերով բարձրացել են մեքենաների վրա, որտեղ մարդիկ կային, բռնաբարել ու սպանել են կանանց նրանց երեխաների աչքի առաջ։ Նրանք երկիրը վերածել են փլատակների», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ Բուչայում տեղի ունեցածը որակելով որպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կատարված ամենսարսափելի ռազմական հանցագործությունները։

Զելենսկին պնդել է, որ Նյուրնբերգի նացիստների դատավարության օրինակով հանցավոր հրամաններ տվողները պետք է կանգնեն տրիբունալի առաջ։

«Ո՞ւր է Անվտանգության խորհուրդը, ակնհայտ է, որ աշխարհում խաղաղություն ապահովելու համար պատասխանատու առանցքային ինստիտուտն անարդյունավետ է։ Ո՞ւր է այդ անվտանգությունը, որ պետք է երաշխավորի Անվտանգության խորհուրդը։ Այն չկա։ Ո՞ւր է խաղաղությունը, որի համար ստեղծվել է ՄԱԿ-ը», - հայտարարել է Զելենսկին։

Բուչայում կատարված հանցագործությունները հայտնի դարձան, երբ ռուսական ուժերը հետ քաշվեցին Կիևի մարզից։ Փողոցներում ընկած տասնյակ դիակները Ռուսաստանը, ռուսաստանցի պաշտոնյաները ուկրաինական կողմի բեմադրություն է համարում։ Սակայն արբանյակից կանոնավոր արվող լուսանկարներն ապացուցում են, որ դիակները Բուչայի փողոցներում ընկած էին մարտի կեսերից, երբ փոքր քաղաքը գտնվում էր ռուսական ուժերի վերահսկողության տակ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պեսկով․ Մոսկվան կողմ է Բուչայի դեպքերի միջազգային քննարկմանը՝ ամենաբարձր մակարդակումԲուչայում կատարվածի առնչությամբ Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան երեկ ելույթ է ունեցել Ուկրաինայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նիստում և պնդել, որ Ռուսաստանն Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտներին չի հարվածում։ «Մենք եկել ենք ոչ թե ուկրաինական հողերի համար, այլ մենք եկել ենք՝ երկար սպասված խաղաղություն բերելու արնածոր Դոնբասին։ Ոչ թե հրադադար, այլ իսկական կայուն խաղաղություն բերելու համար, իսկ դրա համար պետք է կտրել նացիստական քաղցկեղի ուռուցքը, որը խժռելով Ուկրաինան՝ ժամանակի հետ կսկսեր խժռել նաև Ռուսաստանը, և մենք կհասնենք մեր նպատակին, հուսով եմ՝ շուտ, քան ուշ», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը։

Աշխարհի ավելի քան չորս տասնյակ երկրներ Ռուսաստանի և ռուսաստանցի զինծառայողների հնարավոր հանցագործություների և ռազմական հանցագործությունների անկախ հետաքննություն են անցկացնում։ Հետաքննություն է սկսել նաև Հաագայի միջազգային քրեական դատարանը։